Քիչ առաջ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում․ «Իսկ դուք գիտեի՞ք, որ Պատրոն Դավիթի օֆշորային ընկերությունից ստացված «փոքրիկ» ատկատով Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում և բաժնեմաս՝ Ցյուրիխի «LEONARDO BOUTIQUE» հյուրանոցում: Դեռևս հրապարակում եմ Ցյուրիխի հյուրանոցի նկարը: Մնացածը՝ հաջորդիվ»ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լուրն անհեթեթ որակեց՝ ասելով, որ դրանք չի մեկնաբանում։

 
 

Ավելի ուշ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս նախ հերքման տեքստով հանդես եկավ, ապա պարզաբանեց, թե ըստ իրեն՝ ով է լուրը տարածած անձը․ «Ֆեյսբուքում Արմեն Պետրոսյան անունով օգտատերը, ով քաղաքում հայտնի է «Պնդուկ» մականունով, ֆեյսբուքյան իր էջում փորձում է ինքն իրեն հայտնի դարձնել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Ցյուրիխում ինչ-որ հյուրանոցի բաժնեմաս է ձեռք բերել, իսկ Կանադայում՝ առանձնատուն։ Վերջինիս անհեթեթ գրվածքին անդրադառնալու կարիք անգամ չեմ տեսնում։ Բայց ավելի ուշագրավ է, թե ով է «Պնդուկ»-ը։ Վերջինս Միքայել Մինասյանի շրջապատի ստորին էշելոնի ներկայացուցիչներից է, տարբեր ընկերություններում բաժնետեր է (իհարկե ձևական) կամ տնօրեն, օրինակ՝ «Ջազզվեում»։ Մինասյանին առնչվող քրեական գործերով, ըստ օդում կախված լուրերի, անցնում է նաև Պետրոսյանը և հեռու չէ այն օրը, երբ հայ հանրությունը մանրամասն կիմանա, թե ով, որտեղ, ում հետ, ինչքան բաժնեմաս է ձեռք բերել՝ նաև ինչ փողով ու ինչ ճանապարհներով։ Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին, նրան պահել ռեզերվային ուժերում և դեռևս չօգտագործել՝ մանավանդ, որ Միքայել Մինասյանին քաջ հատնի են Պետրոսյանի կարողությունները։ Իսկ Արմեն Պետրոսյանին առնչվող մի քանի լուրեր, դեռևս, կարծում եմ, առջևում են»,- գրել է Սիմոնյանը։

Այս առիթով, գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը՝ մեկնաբանելով, թե ի՞նչ «կենդանի» է կոռուպցիան․ «Ըստ օդում կախված լուրերի, 2018 թվականին /հեղափոխությունից հետո/ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 շենքը օտարվել է պետության կողմից։ Ըստ օդում կախված լուրերի, այն օտարվել է մոտ 260 միլիոն դրամով, որից երկու օր անց գրավադրվել է հայկական առևտրային բանկերից մեկում 550 միլիոն դրամով, այն էլ սա գույքի լիկվիդային արժեքն է, և գույքը, ըստ օդում կախված լուրերի, արժեր մոտ 1 միլիարդ դրամ։ Ըստ օդում կախված լուրերի, 2018 թ. տարեվերջին այս գույքը նման ձևով գնահատողի նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ և այնուհետև կարճվել։ Ըստ օդում կախված լուրերի, այդ գնահատողը այսօր էլ շարունակում է գնահատել մեր երկրի պետական գույքը։ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ»,- գրել է նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ հայտնել է, որ ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի սույն գրառումն ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով պարզել նրա կողմից վկայակոչված փաստերի համապատասխանությունը իրականությանը և տալ իրավական գնահատական։ Նշենք, որ Դավոյանը գրառմանը կցել է Արտյոմ Ծառուկյանի «Դուխով կոռուպցիա» վերնագրած գրառման սքրինները։