Կարծում եմ՝ եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ և ամենաէֆեկտիվ միջոցը. խոսքը՝ դիմակ կրելու մասին է: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, ի հեճուկս կիրառվող վարչական վարույթների, ի հեճուկս կիրառվող լայնածավալ քարոզչության, ի հեճուկս կառավարության գործունեության թափանցիկության՝ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ, և պետք է ասեմ, որ սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ 1 պատճառն է»:

Փաշինյանը նաև ներկայացրեց միջազգային հետազոտություն, որը հրապարակել է հեղինակավոր Forbes ամսագիրը:

«10-յակ երկրների, այդ թվում՝ վարակից տուժած Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի փորձը թույլ են տալիս եզրակացնել, որ դիմակներն այս վիրուսի դեմ պայքարում վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել դրա տարածումը»,- ասաց վարչապետը: