Վրաստանը մտադիր է պահպանել հռչակված իր զբոսաշրջային ապրանքանիշը՝ որպես «կորոնավիրուսից մաքրված երկիր»: Հետևաբար, երկիր կթույլատրվի այցելել միայն այն զբոսաշրջիկներին, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսին լաբորատոր թեստի բացասական պատասխանի վկայական, ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան: Նա ասել է, որ հուլիսի 1-ից Վրաստանում զբոսաշրջային սեզոնի բացումը կնշանակի, այսպես կոչված, «մուտք մաքուր միջանցք», այլ ոչ թե օտարերկրացիների անվերահսկելի մուտք: «Վրաստան ժամանող զբոսաշրջիկը պետք է հանձնի PCR թեստ, հակառակ դեպքում նրան պարզապես թույլ չեն տա մուտք գործել երկիր: Իհարկե, մենք հնարավորություն կստեղծենք արագորեն PCR թեստեր անցնել երկրի ներսում, եթե նորեկը չունի այդպիսի քննության վկայական: Բայց կազմակերպված տուրիստական խմբերը կկարողանան մուտք գործել միայն այդ կանոնը պահպանելու դեպքում», - ասել է վարչապետը: Միևնույն ժամանակ, Գահարիան հիշեցրել է, որ կազմակերպված տուրիստական խմբերը տեղավորվելու են «կանաչ գոտիներում»՝ հյուրանոցային այն համալիրներում, որոնք Առողջապահության նախարարությունից կստանան համապատասխան թույլտվություն՝ հիմք ընդունելով զննումների, սննդի, փոխադրումների և այլ պահանջների հետ կապված բոլոր արդյունքները։
Թբիլիսիում մոտ մեկ ամիս կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի արձանագրվել։ Աջարիայի Սևծովյան տարածաշրջանը հայտարարվել է ամբողջովին «կանաչ գոտի», որտեղ բուժվել են բոլոր վարակվածները: Ավելին, Վրաստանի մի շարք շրջաններում համաճարակի ողջ ընթացքում ոչ մի վարակ չի գրանցվել։ Դրանք են Գուրիան, Կախեթին և Վերին Աջարիան: