7-րդ գումարման խորհրդարանն իշխանությունները հպարտորեն անվանում են նոր որակի խորհրդարան, սակայն, վելուծելով, թե այդ նոր որակի խորհրդարանի ընդունած օրենքները ինչ ճակատագրի են արժանանում, հարց է առաջանում հատկապես դրանց որակի և իրավաչափության հետ կապված: Բանն այն է, որ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ խորհրդարանի ընդունած օրենքները, հայտնվելով ՍԴ-ում, ճանաչվել են հակասահմանադրական:

 

Դիցուք՝ Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀայաստանիՀանրապետության օրենքը ճանաչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին,75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Սահմանադրական դատարանը փետրվարի 18-ի հերթական նիստում Ոստիկանության օրենքի դրույթներից մեկը հակասահմանադրական էր ճանաչել։ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՍԴ մասին» սահմանադրական օրենքի և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի որոշ դրույթները: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը:  Վերը նշված բոլոր օրենքները խորհրդարանում առաջ են քաշվել «Իմ Քայլի» պատգամավորների կողմից, ընդունվել են մեծամասնության ջանքերով՝ բոլոր դեպքերում էլ ընդդիմությունը կամ դեմ է քվեարկել վերը նշված օրենքներին և օրենսրդական լրացումներին, կամ՝ ձեռնպահ: Ասել է թե՝ այս օրենքները, որոնք հետագայում հակասահմանադրական են ճանաչվել ամբողջությամբ, «Իմ Քայլի»  քաղաքական «ուղեբեռն» են:

6-րդ գումարման ԱԺ-ում նույնպես եղել են նման նախադեպեր՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել գույքային իրավունքների գրանցման օրենքի որոշ դրույթներ: Սակայն, ընդունած օրենքների քանակը, որոնք հետագայում՝ արդեն նոր իշխանությունների օրոք՝ «Իմ Քայլի» օրոք  ճանաչվել են հակասահմանադրական, քանակական առումով պարզապես անհամեմատելի են: Հետևաբար տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ խորհրդարանական ո՞ր մեծամասնությունն էր ԱԺ դահլիճում առավել մեծ թվով հակասահմանադրական օրենքներ դակել: Պատասխանը, թերևս, ակնհայտ է…