Մամուլում տարածված տեղեկությունների հանաձայն՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ, պետությունից ստացած 30 մլն դրամից գումար չի տրամադրել Գոռ Քլոյանի կնոջն ու 2 երեխային։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Սարգիս Քլոյանն ասաց, որ թոռների բաժին գումարը ավանդ է դրել բանկում, երբ դառնան չափահաս' կփոխանցի նրանց: Նշենք, որ թոռներից մեկը 16 տարեկան է, մյուսը՝ 12, որոնք մայրիկի հետ 4 տարի է գտնվում են Ռուսաստանում:
«30 միլիոնը բաժանվում է 5 մասի. 12 մլն դրամը իմն ու կնոջինս է, 18 մլն դրամը՝ հարսինս ու 2 թոռանս։ Իրենց 18 մլն դրամը բանկում է, ինչ վատ է թող տոկոսներ հավաքվի ուղարկեմ իրենց, մինչև կմեծանան։ Մնացած 12 մլն դրամից մոտ 4 մլն դրամով տունն եմ վերանորոգել, որ թոռներս գան Հայաստան, մնան։ 3 սենյականոց բնակարանս էլ էլի իրենցն է լինելու»,- նշեց Սարգիս Քլոյանը։
Նա նշեց, որ գրեթե 1 տարի է ինչ իրենց և հարսի ու երեխաների միջև կապերը խզվել են. «Թոռնիկներիս կարոտը խեղդում է, հեռախոսահամար, վայբեր, ամեն կոնտակտ փոխել է, որ չկարողանանք խոսել։ Ես իմ թոռնիկների փողը չեմ ուտի, ինչի ես երկիր եմ ազատագրել, որ փողը գնա Ռուսաստանի բանկեր, թող տոկոսներն այստեղ հավաքվի ուղարկեմ թոռնիկներիս, վայելեն»,- ասաց նա։
Գոռ Քլոյանի կինն էլ՝ Ռուզաննա Հունանյանը, պատմել է, որ պետության տրամադրած ամբողջ գումարը ստացել է իր ամուսնու հայրը, քանի որ նա է ճանաչվել որպես իրավահաջորդ, իսկ ինքը և իր երեխան ոչ մի լումա չեն ստացել դրանից, փոխարենը ապրում ու աշխատում է Ռուսաստանում՝ փորձելով հոգալ իր երեխաների կարիքները: