Վերջին սերնդի բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նվերն է ոստիկանությանը։
Հունիսի 23-ին այն պաշտոնապես հանձնվեց ոստիկանության պոլիկլինիկային։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, ոստիկանության բժշկական վարչության, պոլիկլինիկայի, հոսպիտալի ղեկավար կազմն ու բուժանձնակազմը։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։
Բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը տեղափոխվեց ոստիկանության հոսպիտալի լաբորատորիա։
Հանգանակությունը հավաքվել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Միասին մենք կարող ենք» Anti COVID-19 միջազգային բարեգործական համերգ-մարաթոնի ընթացքում, որի նպատակն է Հայաստանում արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ։ Ի դեպ, նախաձեռնությանը միացել են 120-ից ավելի հայ և արտասահմանցի մշակութային գործիչներ:
Բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը հնարավորություն կտա սպասարկել ոստիկանության ողջ անձնակազմին, ոստիկանության վետերաններին և նրանց ընտանիքների անդամներին։
Ոստիկանության բարձրաստիճան սպաները և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները շրջեցին ոստիկանության պոլիկլինիկայում, ծանոթացան պայմաններին։
«Միասին մենք կարող ենք» մարաթոնի ընթացքում հավաքագրված միջոցներով «Թովմասյան» հիմնադրամը նվիրատվություններ է արել Գյումրու եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցներին և պաշտպանության նախարարությանը։
Հանգանակությունները շարունակվում են։ Ցանկացողները կարող են միանալ բարեգործական առաքելությանը և դառնալ մի կարևոր մասնիկ' մեր երկրում համավարակի դեմ պայքարի գործին։