քսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջոն տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին, որում ափսոսանք է հայտնում, որ փառատոնն այս պահին տեղի չի ունենում։

 

«Ողջ կյանքս հարցերով տարված՝ խելագարի պես, թակում էի դուռը: Բացվե՛ց: Ես ներսից էի թակում»: Սրանք Ռումիի խոսքերն են, բայց կարծում եմ՝ ամենից շատ մեզ են վերաբերում: Մենք թակում էինք մեր դուռը, սեփական կյանքով էինք մտահոգված, բայց աշխարհը բացեց իր դուռը մեր առաջ: Եվ մենք տեսանք կրակի մեջ կլանված կրակը: Ռասիզմի կրակը, ցեղասպանության կրակը, COVID-19-ի ու բոլորիս վրա ազդող համավարակի կրակը: Գլոբալ տաքացման կրակը՝ կրակ, որ կլանում է բոլոր մնացյալ կրակները: Այս կրակներն արվեստի պես են, դժբախտություններ են, որոնք կարող են մեզ դաս տալ, միայն թե մենք լսենք: Ասես հեքիաթներ լինեն, բայց երևակայության մեջ չեն ծնվել, այլ մեր իրականի ֆանտազիաներն են: Անորոշության, առեղծվածների ու կասկածների այս օրերին մեզ՝ կինոգործիչներիս, հատուկ հնարավորություն է ընձեռվում: Կինոյի մետաֆորի կամ ավելի ճիշտ՝ մեգաֆորի միջոցով մենք հասկանում ենք նեգատիվի ուժի ահռելի նշանակությունը»,- տեսաուղերձում նշում է ռեժիսորը։

Գոդֆրի Ռեջոն շեշտում է՝ առանց նեգատիվի չկա պոզիտիվ: Նրա խոսքով՝ մենք շրջապատված ենք նեգատիվությամբ, սակայն այդ նեգատիվությունը, մեզ ճնշելու փոխարեն, պետք է արվեստի պես միջոց լինի տեսնելու այն աշխարհը, որտեղ ապրում ենք:

 

«Մենք կարող ենք նաև նայել մեր սիրելի մայր Հայաստանին՝ աշխարհի ամենաավագ դստրերից մեկին, որը վերապրել է բոլոր նեգատիվությունները, որ կարելի է պատկերացնել, բայց, միևնույն է, այստեղ է՝ իր ամենագեղեցիկ ու պոզիտիվ ձևով: Այդ իմաստով՝ դուրս գալով մեր դռներից՝ մենք կոչված ենք առաքյալ լինել՝ բառի ամենահիմնարար իմաստով, նրանք, ովքեր կոչված են թափառել, նրանք, ովքեր պետք է վկայեն այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ու թեպետ բոլորս շատ դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, մենք, միևնույն է, չենք հուսահատվում, քանզի ցուցադրությունները փառատոնի կարևոր մասն են, բայց կինոյի հանդեպ սերն է ընկած նրա հիմքում: Մենք կինոյի սիրահարներ ենք: Մենք աշխարհը վերատեսնելու հզոր հնարավորություն ունենք:

Եզրափակելով՝ թույլ տվեք ասել, որ եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ես ձեզ կողջունեի, ջերմությամբ ու մետաֆիզիկորեն կգրկեի բոլորիդ և սիրով կասեի. «Մենք պատրաստ ենք, երբ պատրաստը պատրաստ է մեզ համար»,-ասում է ճանաչված ռեժիսորը։

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։