Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանել այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ: Այդ մասին վկայում են Միացյալ Թագավորության բժշկական գիտությունների ակադեմիայի ուսումնասիրության տվյալները:
«Սցենարի մոդելավորման համաձայն՝ հոսպիտալացման և մահվան դեպքերի թիվը 2021 թվականի հունվարին և փետրվարին կհասնի բարձրակետին՝ համանման կամ նույնիսկ ավելի վատ 2020 թվականի գարնան առաջին ալիքից…, բուժհաստատություններում (բացի ծերանոցներից) մահերի թիվը 2020 թվականի սեպտեմբերի եւ 2021 թվականի հունիսի միջև ընկած ժամանակաշրջանում կարող է հասնել 119 հազար 900-ի»,- ասվում է Ակադեմիայի նյութում:
Սակայն նշվում է, որ այդ հաշվարկները նկատի չեն առել COVID-19-ի տարածման դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների հնարավոր միջոցառումները: Գիտնականները Մեծ Բրիտանիայի իշխանություններին հորդորում են՝ սկսել ակտիվորեն նախապատրաստվել հիվանդության տարածման երկրորդ ալիքին՝ ռիսկերը նվազեցնելու համար, ներառյալ վիրուսի փոխանցումը կրճատելու և վարակման դեպքերի հսկողության միջոցառումները: