Արդեն երրորդ օրն է` լարված է հայ-ադրբեջանական սահմանին, թշնամին պարբերաբար գնդակոծում է հայկական բանակի դիրքերը, թիրախավորում խաղաղ բնակչությանը: Երեկ էլ Բաքվում բազմամարդ ցույց էր տեղի ունեցել, որի մասնակիցները «Մահ hայերին» կարգախոսով իշխանություններից պահանջում էին Հայաստանին պատերազմ հայտարարել, գրավել Շուշին և Երևանը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում հայկական իրականության մեջ: Եթե հետևենք երկու երկրներում իրականացվող պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչական «կլիշեներին», ապա կտեսնենք, որ գործ ունենք հակադիր երևույթների հետ: Ադրբեջանում նվաճողականության քարոզ է, իսկ մեզանում՝ խաղաղասիրության: Ադրբեջանական հասարակությանը պատրաստում են պատերազմի, իսկ հայկական հասարակությանը՝ խաղաղության: Այնտեղ խոսում են գրավելուց, իսկ այստեղ՝ պաշտպանվելուց: Սա մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է: Սակայն, չմտածեք, որ խաղաղասիրությամբ տառապող ՀԿ-ների հետևում կանգնած անձինք դա անում են մեր և ձեր խաղաղ գոյակցության համար. կա շատ ավելի պարզ մոտիվացիա՝ փողը, այն էլ՝ շատ մեծ փողը:
Օրինակ՝ նման ՀԿ-ներից մեկն էլ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն է: Ինչպես նշվում է սույն ՀԿ-ի կայքում, այն ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիոլոգիական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը: «Սոցիոսկոպ»-ը «Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան ցանցի հիմնադիր անդամներից է, որի շրջանակներում համագործակցում է մյուս հիմնադիր ՀԿ-ների հետ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի, Հելսինկյան ասոցիացիայի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Փինք Արմենիա»-ի հետ։ «Փինք Արմենիա»-ի, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ ՀԿ-ն համագործակցում է հետազոտական աշխատանքների շրջանակում։ Հետազոտական, կրթական և ջատագովական աշխատանքներում «Սոցիոսկոպ» ՀԿ-ի հետ համագործակցել են բազմաթիվ այլ ՀԿ-ներ, ինչպես օրինակ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Նոր սերունդ» ՀԿ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։ Տարբեր տարիներին ՀԿ-ի առաջարկած նախագծերին հավանություն են տվել և աշխատանքին ֆինանսապես աջակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED–ը, Norwegian Helsinki Committee-ն։ Աննա Ժամկոչյանը, ով «Սոցիոսկոպ»-ի համահիմնադիրներից է, Լառա Ահարոնյանի հետ ֆեմինիզմի պրոպագանդայով է զբաղված, ինչպես նաև ներկայումս «Իմ քայլից» ավագանի, ԼԳԲՏ շահերը պաշտպանող Գրիգոր Երիցյանի, սոցապ․ նախարար Զարուհի Բաթոյանի, Արթուր Սաքունցի, Լարիսա Մինասյանի և այլոց մտերիմն է։
«Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը 2018-ին NED-ից ստացել է $40,106 դոլար, 201-ին՝ 49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ոչ ավել, ոչ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝
• Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում
• ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ
Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։ Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։
«Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 187.500 ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար:
Կեղծ խաղաղասիրական թեմայի ջատագովներից էր ԿԳՍՄ նախկին փոխնախարար, սորոսական Արևիկ Անափիոսյանը, և այլ հարթակներով պարբերաբար ելույթ ունեցող տարբեր սորոսականներ (այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Մարինա Կարապետյանը, Հրանուշ Խառատյանի դուստրը՝ Լուսինե Խառատյանը) :
Համաձայնեք, որ պատերազմող երկրում խաղաղության քարոզ անելը ոչ այլ ինչ է, քան ազգային ոգին կոտրելու փորձ: Եվ այս ամենը ակնհայտորեն արվում է վերևների լուռ համաձայնությամբ, եթե չասենք՝ դաբրոյով, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են երկու տարուց ավել խոսում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին և շատերի կարծիքով դա Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մի մասն է կազմում: Սակայն, ինչպես տեսնում ենք, հարևանները պատրաստվում են լրիվ այլ գործողությունների, իսկ իշխանությունները միևնուն է չեն փոխում պացիֆիստական հռետորաբանությունը: Այդ նույն իշխանությունները և գրանտակեր ՀԿ-ները այսօր պետք է լծված լինեին ազգային, ռազմական ոգին բարձրացնելուն և ոչ թե հակառակ գործին, ինչին այսօր, ցավոք, ականատես ենք լինում: