Հուլիսի 12-ին իր տանը ձերբակալվել էր «Վստրեչի Ապեր»-ը՝ Արամ Վարդանյանը: Մինչ այդ, նրա հանդեպ շուրջ չորս ամիս հետախուզում էր հայտարարված: Որոշ ժամանակ նա գտնվում էր Վրաստանում, այնուհետև որոշել էր վերադառնալ, ընկերների խոսքով՝ պատճառը թոռանը կարոտելն էր: Նշենք, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում արդեն մոտ 2 տարի: 

 


Արամ Վարդանյանի դեմ սկսած արշավի ընթացքում չեն խնայում նույնիսկ փոքր երեխաներին. վերջինիս հնգամյա թոռն իրենց տուն ներխուժած դիմակով անձանց «այցելությունից» հետո խոսելու հետ լուրջ խնդիրներ ունի, բացի դա, ամենաբիրտ կերպով խոչընդոտվում է երեխայի՝ պապիկի հետ տեսակցելու իրավունքը: Այս հանգամանքը ուշագրավ է նրանով, որ, փաստացի, Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները՝ իրենց արված լավությունը ուրանալու յուրահատուկ սովորություն ու «տաղանդ» ունեն: Բանն այն է, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվում էր անազատության մեջ, հենց Արամ Վարդանյանն է օգնել Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին։  Ահա թե ինչպես է այդ դրվագների մասին պատմել ինքը՝ Վարդանյանը. «Ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»,- ասել է Վարդանյանը։

Արամ Վարդանյանը նաև ուշագրավ մեկնաբանություն էր տվել՝ Խաչատուր Սուքիասյանի կայքում իր հասցեին հնչած մեղադրանքին, առ այն, որ ինքը «Սերժ Սարգսյանի սիրելին» է: «Երբ, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից մեկը, կրակելով անցք էր բացում էդ հոդվածի պատվիրատուի եղբոր հետույքին, ինքը դեպքից կես ժամ հետո հանդիպում էր ու ասում՝ լավ եք արել, ուզում եք էլի արեք: Էդ նույն մարդը, որ թավալվում էր իր ասած մարդկանց ոտքերի տակ, մեկ ամիս առաջ Երևանի սրճարաններից մեկում՝ «Մարտինի»-ում, չնայելով որ տարածքում կանայք ու երեխաներ կան, բարձրաձայն հեռախոսով մեկի հետ խոսելուց հայհոյում էր Սերժ Սարգսյանին: Տենց անում էր տպավորություն թողնելու համար, որովհետեւ էդ հայհոյանքներից հինգ րոպե հետո փախավ, երբ էդ նույն սրճարան մտավ Սարգսյանի փեսան: Որ փեսային տեսնելուց տենց լեղապատառ փախավ, բա որ Սերժ Սարգսյանին դեմառդեմ տեսներ, ի՞նչ կլիներ: Էդ նույն մարդը հեղափոխությունից մի քանի օր անց Կասկադի ռեստորաններում նստած իշխանական դեմք տենալուց գոռում ա՝ «Արա՛, Նիկոլին կասես լավ ա անում, որ իմ ասածներն անում ա»: Դատարկ մարդ ա էլի: Դավաճանությունը իրա կաշին ա: Վանո ու Լևոն ա դավաճանել դա: Համ էլ՝ բա որ քրեական ենթամշակու՞յթ էի, խի՞ էր եկել ոտերս ընգել ու աղաչում եղբոր տղաներին օգնել»- ասել է Արամ Վարդանյանը:

Ընդ որում, ներկայիս իշխանավորներից Արամ Վարդանյանի օգնությանը դիմել է նաև Հայկ Գեւորգյանը, ով այսօր Իմքայլական պատգամավոր է, իսկ այն ժամանակ հանդիսանում էր Փաշինյանի թերթի լրագրող նույնպես խնդիրների էր բախվել և կրկին միջնորդավորված դիմել էին Վարդանյանի օգնությանը: Ինքը՝ Վարդանյանը, հարցազրույցներում նշել է, որ Փաշինյանին գաղութում օգնում էր՝ խղճալով վերջինիս մանկահասակ երեխաներին և չի զղջում ցուցաբերած օգնության համար:

Իսկ իշխանությունները տարիներ անց, թերևս, հենց այսպես են պատկերացնում «լավության տակից» դուրս գալը...