Եգիպտոսագետներ Զահի Հավասին և Սահար Սալիմին հաջողվել է բացահայտել Դեյր էլ-Բահրի թաղման գերեզմանատանը գտնված «գոռացող կնոջ» մումիայի առեղծվածը: Ըստ գիտնականների՝ հաշվարկված տոմոգրաֆիայի միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արքայադստեր մահը հանկարծակի է եղել, սրտի կաթվածից, ինչը կորոնար անոթների աթերոսկլերոզի հետևանք է: Մումիֆիկացման ժամանակ կնոջ դիրքը մահվան պահին պահպանվել է՝ գրում է Ahram Online-ը:
Այսպիսով, մումիայի բերանի լայն բացվելու պատճառը մահվանից առաջ զգացած ուժեղ ցավն է, նրա դեմքի արտահայտությունը, կարծես աղավաղված է սարսափից: Նրա գլուխը թեքվել է աջ, իսկ ոտքերը խաչվել են: Ըստ Հավասի՝ «ճչացող կինը» հայտնաբերվել է մահվանից մի քանի ժամ անց: Այդ պահին նրա մարմինը արդեն փայտացած է եղել: