Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Երևանում գազազած շների ոհմակը ջարդուխուրդ է արել ու կերել բակում կայանած մեքենան: Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աղաջանյանը, որը տեղեկացրել էր կատարվածի մասին, մտահոգություն էր հայտնել, թե ով պետք է փոխհատուցի պատճառված վնասները:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով խոսեցինք Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ. «Եթե դրանք թափառող շներ չլինեին՝ այլ լինեին կատուներ կամ ուրիշ կենդանիներ, էլի քաղաքապետարա՞նը պետք է լուծեր այդ հարցը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց խոսնակը:
Կարապետյանը շեշտեց՝ միայն այն, որ Քաղաքապետարանը ունի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն, չի նշանակում, որ ցանկացած խնդրի դեպքում վնասները պետք է փոխհատուցի կառույցը. «Ես այդ հարցը չեմ մեկնաբանի, խնդրում եմ կապվել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ին»,- եզրափակեց նա։
Նշենք, որ մինչ Հակոբ Կարապետյանի հետ կապ հաստատելը, մենք փորձեցինք կապվել ՀՈԱԿ-ին, սակայն, այդպես էլ չհաջողվեց:
Արփինե Հակոբյան