Հուլիսի 24-ին ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ավելի քան 25 մարդ է ձերբակալվել Մոսկվայի հարավ-արևելքում՝ Մերիինոյի շրջանում, հայտնում է Interfax.ru-ն՝ վակայակոչելով Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայությանը:

 

«Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը Մոսկվայի Մերիինո շրջանում մի շարք բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև: Դրանցից մեկի ժամանակ մարմնական վնասվածքներ է հասցվել մի տղամարդու, ինչպես նաև վնասվել է այն մեքենան, որում նա գտնվել է», - ասել են գերատեսչությունից:

Նշվում է, որ բացի դա, այդ գիշեր սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել, որտեղ անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և աշխատակիցներին, գումարներ են գողացել դրամարկղից, վնասել գույքը, այնուհետև փախուստի դիմել:

Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով:

Նշվում է նաև, որ ծեծկռտուքին մասնակցել են մոտ 40-50 մարդ: Ըստ կայքի տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկի մոտ ախտորոշվել է կտրված ուսի վերք: