Ինչպես գիտենք՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը գտնվում է վաստակած արձակուրդի մեջ: Նրա արձակուրդը, սակայն, համընկավ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախման, սփյուռքի մեր համայնքների կազմակերպած բողոքի ակցիաների, նաև միջէթնիկ բախումների հետ: Իսկ Սինանյանը, ինչպես ասում են՝ չկա ու չկա: Իհարկե, հասկանում ենք, որ արձակուրդը վայելելը դա սուրբ գործ է և նաև փայլուն առիթ է ծախսել նախորդ ամիսների բուռն աշխատանքի դիմաց ստացած հազարավոր դոլարների պարգևավճարները, սակայն, սա այն դեպքն էր, երբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պետք է հանձներ իր առաջին քննությունը տվյալ պաշտոնում: Իսկ ինչ արեց Սինանյանը՝ բառացիորեն ոչինչ: Սահմանային լարվածության օրերին և դրանից հետո էլ, երբ ՌԴ-ում հայերի էին ծեծ ու ջարդի ենթարկում, Սինանյանը լուռ էր, նա հանդես չեկավ հայտարարությամբ, նա չկանգնեց սփյուռքի մեր հայրենակիցների կողքին, անգամ բարոյապես չաջակցեց: Սինանյանից այն աստիճան էին ձեռք քաշել, որ մամուլը հոդվածներ է հրապարակում՝ Սինանյանը մեկնել է ՌԴ և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն արդյունքում պարզվում է, որ այդ հոդվածները ֆուտուրիստական են և ընդամենը թրոլինգ են:

Օրինակ՝ ԱՄՆ-ում ադրբեջանցիները պղծել են հայկական դպրոցի ու համայնքային կենտրոնի շենքերը: Ինքը' Սինանյանը, պաշտոնը ստանձնելիս գլուխ էր գովում՝ ԱՄՆ-ում ունեցած իր հեղինակությամբ և կապերով, որոնք պատրաստվում է օգտագործել ի շահ Հայաստանի: Հարց՝ որտե՞ղ են այդ կապերը և ինչո՞ւ դրանք չեն օգտագործվում հենց այս պահին, երբ այդքան անհրաժեշտ է: Ակնհայտ է, որ այս օրերին նման պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաև ֆիզիկապես լիներ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողքին, որպես մինիմում՝ աշխատեր և համակարգեր սփյուռքում տեղի ունեցող գործընթացները, պետական մակարդակով աջակցեր: Սակայն. միջէթնիկական բախումներն, ինչպես երևում է, այն խնդիրը չեն, որ կարող են ստիպել Սինանյանին վերադառնալ արձակուրդից: Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ի՞նչ է արել առայսօր Զարեհ Սինանյանը, բացի հայտարարելուց՝ այս օրերին հայրենադարձությունը ռեալ չէ և իհարկե՝ ամսական 25 հազար դոլարի չափով պարգևատրվելուց: Ընդամենը ապացուցել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր կառույցը՝ վարչապետի ենթակայությամբ, ոչնչի չեն ծառայում, իրենց գործառույթներն էլ իրականացնում է ԱԳՆ-ն:

Սինանյանը հայտնվեց միայն այն բանից հետո, երբ ամեն ինչ խաղաղվել էր, երբ սփյուռքի մեր համայնքային կազմակերպությունների, ԱԳՆ-ի, դեսպանատների ջանքերի շնորհիվ հաջողվել էր հարթել բոլոր խնդիրները: Հայտնվեց և միանգամից սկսեց մեղադրել իրեն քննադատողներին բացասական մարդ և ծախու լրագրող լինելու մեջ: Իհարկե, նորություն է, որ աշխատավարձ, պարգևավճար ստացող, հստակ պաշտոնական լիազորություններ ունեցող անձից՝ իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու պահանջը խոսում է անձի բացասական լինելու մասին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների՝ բացասական մարդիկ գտնվել են նաև իշխանական էշելոնում, այստեղ նույնպես դժգոհություններ են ի հայտ եկել կապված Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի աշխատանքի որակի հետ և խոսվում է վերջինիս փոխարինելու մասին: Վերջին օրերի իրադարձություններն ավելի քան հավանական են դարձնում նման սցենարը: