ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը լիարժեք տեղեկությունների չի տիրապետում «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ենթադրյալ ռուս անդամների ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

«Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի 33 քաղաքացի ձերբակալվել է Բելառուսում, 200-ին փնտրում են: Չկա որևէ տեղեկություն ռուսների անօրինական գործողությունների մասին, որոնք կարող էին ձերբակալության պատճառ դառնալ»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը Բելառուսի առաջիկա նախագահական ընտրություններին ձերբակալված ռուսների միջամտության մասին հայտարարություններն անվանել է «սպեկուլյացիա»՝ հավելելով, որ Կրեմլը ակնկալում է լիարժեք տեղեկատվություն ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ Բելառուսում ՌԴ դեսպանի և Մինսկում գտնվող նրա գործընկերների բանակցություններից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Բելառուսի անվտանգության ուժերը ՌԴ 32 քաղաքացու էին ձերբակալել Մինսկում, ևս մեկին՝ երկրի հարավում: Նրանք, ըստ բելառուսական կողմի, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության անդամներ են: Բելառուսի իրավապահ մարմինները նաև տեղեկություն են ստացել, թե երկրի տարածք է ժամանել ավելի քան 200 զինյալ «նախագահական ընտրարշավից առաջ իրավիճակն ապակայունացնելու նպատակով»: