Երեւանի քաղաքապետարանում նախընտրում են թանկարժեք շոկոլադներ ուտել: Գնումների armeps համակարգից ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ մեկ ամիս առաջ քաղաքապետարանը բարձրորակ վեց-յոթ տեսակի 30 կիլոգրամ շոկոլադ է գնել: Միայն 10 կիլոգրամ տուփերով «Ռաֆաելլո» են գնել, մնացած 20 կիլոգրամը «Ալյոնկա», «Բելոչկա», «Միշկա», «Վեչերնի զվոն», «Կռասնայա շապչոկա» եւ «Վդախնավենի» տեսակի շոկոլադներ են: Շոկոլադների մեկ կլիոգրամի համար քաղաքապետարանը վճարել է 8888 դրամ, իսկ ընդհանուր աժրեքը կազմել է 266 հազար դրամ: Պատվերի առաքման վերջանաժամկետն էլ սեպտեմբերի 30-ն է: Բացի այս՝ քաղաքապետարանը նաեւ մեկ կլիոգրամ «Մոնարխ» տեսակի լուծվող սուրճ է գնել: Մեկ կիլոգրամի համար վճարելով 39 հազար դրամ: Ընդհանուր վճարվել է 300 հազար դրամ: Սրանից զատ քաղաքապետարանում նաեւ ընկուզեղենի ախորժակ ունեն: Այս տարի «պոպոք-պնդուկ»-ին Հայկ Մարությանի ղեկավարած կառույցը վճարել է 360 հազար դրամ: Մեկ կիլոգրամը 9000 դրամով 40 կիլոգրամ ընկուզեղեն են գնել: Ութ կիլոգրամ սեւ սուրճի համար վճարել են 47 հազար դրամ, յոթ հազար դրամի 20 կգ շաքարավազ են գնել եւ վեց հազար դրամի 10 կգ շաքար: Շոկոլադը, սուրճի տեսականիները եւ «պոպոք-պնդուկ»-ը քաղաքապետարանը գնել է «Բլամմո» ՍՊԸ-ից:

 

Ուշագրավ է, որ այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստորի տվյալների, հիմնադրվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ այս իշխանության օրոք: Նույն աղբյուրի համաձայն՝ հիմնադիրը Մարտին Սարգսյանն է: Առավել ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Բլամմո» ՍՊԸ-ն 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ունի ընդամենը մեկ աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք զինապահովության «1000 դրամների» հիմնադրամին կատարված վճարումներից: ՍՊԸ-ն կատարել է ընդամենը 1000 դրամի վճարում:

Ի դեպ, նաեւ այս ընկերության դեպքում հնարավորություն տրված չէ նայել նախորդ ամիսների վճարումները, ինչպես հնարավոր է մյուս ընկերությունների դեպքում: Ընդամենը ութ ամսվա գործունեության պատմություն ունեցող «Բլամմո» ՍՊԸ-ն 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամների ապրանքնատեսակներ է մատակարարում պետական այլ կառույցների եւս: Օրինակ Ֆինանսների նախարարությունը 8 մլն 400 հազար դրամի շենքերի մաքրման ծառայություն է ձեռք բերել այս տարվա մարտին, քննչական կոմիտեն 3,4 մլն դրամի գրասենյակային նյութեր, պետական վերահսկողական ծառայությունը 1,4 մլն դրամի կենցաղային եւ տնտեսական ապրանքներ, վարչապետի աշխատակազմը՝ 2 մլն դրամի ծաղիկներ, պաշտպանության նախարարությունը գնել է 6 մլն դրամի մակարոն եւ այլն: Բացի այս՝ «Բլամմո» ՍՊԸ-ն այլ պետական կառույցների եւս ծառայություն է մատուցել մինչեւ մեկ մլն դրամի շրջանականերում: Հետաքրքիր է՝ ինչպես է ստացվում, որ դեռ մեկ տարվա պատմություն չունեցող ՍՊԸ-ին պետականա կառույցները միլիոնավոր դրամների գնումների պատվերներ են տալիս: