Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել: Այս նորությունը չէր գրավի մեր ուշադրությունը, եթե Հայկ Մարությանը ընդամենը օրեր առաջ վերադարձած չլիներ արձակուրդից: Դրանից առաջ էլ Մարությանը արձակուրդ էր վերցրել մարտին: Նման մի պատմություն էլ եղավ 2019-ի նոյեմբերին, երբ Մարությանը արձակուրդ վերցրեց, վերադարձավ և օրեր անց կրկին մեկնեց արձակուրդի:

 

Այն, որ Հայկ Մարությանը ամենահանգստացող պաշտոնյան է, դա, կարծում ենք, ակնհայտ է: Ընդհանրապես, տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը ավելի շատ ժամանակ հենց արձակուրդի մեջ է անցկացրել, այլ ոչ թե աշխատանքի վայրում: Անգամ վարչապետը, ով տրամաբանորեն ամենածանրաբեռնված պաշտոնյան է Հայաստանում, չի չարաշահում հանգստանալու իր սահմանադրական իրավունքը: Մինչդեռ Մարությանը, ինչպես տեսնում ենք, պարզապես չի հասցնում վերականգնվել բուռն աշխատանքային գործունեությունից հետո և անգամ հաջողացնում է սկանդալի կիզակետում հայտնվել նաև արձակուրդում գտնված ժամանակ: 2019-ի նոյեբմերյան արձակուրդը մասնավորապես անչափ տհաճ անցավ, քանի որ Մարությանի՝ արձակուրդը երկարացնելու փաստաթուղթը կեղծվել էր: Բանն այն է, որ Հայկ Մարությանի մամլո քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մարությանը արձակուրդից պետք է վերադառնա նոյեմբերի 4-ին, սակայն արձակուրդը, ինչպես արդեն ասացինք, դե ֆակտո երկարացվել էր, նախկին կարգադրությունը, փաստացի, դրվել էր մի կողմ (իրականում վերացվել էր), եւ ստեղծվել էր նոր կարգադրություն` հետին թվով, որի տակ էլ դրված էր Մարությանի ստորագրությունը:

Ի դեպ, ուշագրավ է, որ ամեն անգամ երբ քաղաքապետը վրա-վրա արձակուրդ է վերցնում, մամուլում հայտնվում է տեղեկություն, որ Մարությանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին: Արդյո՞ք այս անգամ էլ գործ ունենք Մարությանի՝ գլուխը ազատելու հերթական դրսևորման հետ, թե գործ ունենք՝ գլուխ պահելու ցանկության հետ: Ինքը` Մարությանը, վերջին ասուլիսի ընթացքում սրտնեղած հայտնեց, որ նախկինում շատ ավելի հանգիստ կյանքով էր ապրում և ավելի շատ գումար էր վաստակում: Չի բացառվում, որ Մարությանը իսկապես կարոտով է հիշում անցյալը, դրան գումարած՝ կուտակվում են չլուծված խնդիրները և տրված ու չկատարված խոստումները: Հետևաբար, չի բացառվում, որ Մարությանն արձակուրդից ընդհանրապես հետ չգա…