Հայաստանում վերջերս մի նոր, վտանգավոր տենդենց է նկատվում. իշխանությունները կամ առնվազը դրանց առանձին ներկայացուցիչներ սկսել են գաղտնիության քողով պատել սեփական գործողությունների, կայացվող որոշումների առնվազը մի մասը, բայց հատկապես այն հատվածը, որն այս կամ այն կերպ առնչվում է մեծ փողերի հետ:
Հիմա էլ երևանցիները գուշակում են՝ որ ընկերությունն է հաղթել Երևանում վերելակների մատակարարման մրցույթը: Շատ լավ է, որ մրցույթ է հայտարարվել, շատ լավ է որ մահվան վերելակները ի վերջո կփոխվեն, սակայն ո՞վ է հաղթել այդ մրցույթում, այս հարցը դեռ անպատասխան է մնում:
Այդպես եղավ նաև գործարարների՝ Երևանին աղբատար բեռնատարներ նվիրելու դեպքում, երբ պարզվեց որ նվիրատուներից մեկն էլ Սամվել Ալեքսանյանն էր: Այդ նվիրատվությունն էլ երկար ժամանակ գաղտնի էր պահվում երևանցիներից:
Գաղտնապահ Մարությանը դարձել է անմիջապես նշանակվելուց հետո: 2018–ին Հայկ Մարությանը մի կողմ է դրել քաղաքային խնդիրները և գործուղման մեկնել Փարիզ: Հոկտեմբերի 16-ից 17-ը Մարությանը քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Փարիզում էր, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են Երևանի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում էր հրավիրող կողմը: Հրապարակված որոշումից, սակայն, պարզ չէր դառնում, թե ինչու է քաղաքապետը մեկնել Փարիզ և ինչ հարցեր պետք է քննարկվեն: ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցը դեռ այն ժամանակ դա փորձել էր պարզել քաղաքապետարանի լրատվության բաժնից, սակայն քաղաքապետարանում դեռևս մեկը մեկից տեղյակ չէր, քաղաքապետի գործուղման օրակարգն էլ խիստ գաղտնի փաստաթուղթ էր, որին լրատվության բաժնում չէին տիրապետում:
2018 թվականին քաղաքապետարանը 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար էր հատկացրել պարգևատրումներին: Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արտակարգ դրության պայմաններում գաղտնի ու հրատապ նիստ է նաև հաջողացրել անցկացնել: Այս անգամ քաղաքապետը որոշել է ևս մեկ անգամ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար մրցույթ հայտարարել, չնայած այն հանգամանքին, որ նախորդ անգամ խախտումների պատճառով Վարչական դատարանը վարույթ էր ընդունել և կասեցրել մրցույթը:
Մարությանը չի հրապարակել նաև Սանիթեքի հետ կնքված պայմանագիրը, չնայած հանրային պահանջի:
Հետաքրքիր է, որ գալով իշխանության հեղափոխականները օր ու գիշեր խոսում էին ժողովրդի հետ անկեղծ, բաց ու թափանցիկ լինելու անհրաժեշտության մասին, սակայն այդ թիմի ընդամենը մեկ պաշտոնյան ահա այսքան գաղտնիքներ է պահել իր էլեկտորատից…