«Ցանկացած երկրին բնորոշ է պետական պարտքի առկայությունը, սակայն այդ պարտքը պետք է օգտագործված լինի տեղին և արդյունավետ: Հայաստանի՝ այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սպասվում էր, որ մեզ մոտ արտաքին պարտքը ավելանալու էր: Հիմա կառավարությունում նստած են 2008-2009 թվականի այն նույն ֆինանսիստները, որոնք  նախորդ կառավարությանը ևս խորհուրդ էին տալիս անընդհատ ավելացնել արտաքին պարտքը: Եւ այդ թվականներին՝ մի քանի տարվա ընթացքում, 2-3 մլրդ դոլարի չափով ավելացավ մեր արտաքին պարտքը: Հիմա այդ նույն մարդիկ շարունակում են պաշտոնավարել կառավարությունում, և նրանք նույն խորհուրդներն են տալիս. դրա արդյունքում է նաև, որ այս տարի պետական պարտքը հասել է արդեն 8 մլրդ դոլարի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

 

Նա չցանկացավ կիսել այն տարածված կարծիքը, թե այդքան արտաքին պարտքը կուտակել է նախորդ իշխանությունը, և ո´չ ներկայիս, քանի որ, ըստ նրա, թե´ նախորդ և թե´ ներկայիս իշխանությունն ունի նույն գործելաոճը. «Նրանք ունեն նույն սխալ աշխատելաոճը և նույն սխալ մոտեցումները շարունակվում են, ինչի արդյունքում էլ մենք շարունակում ենք երկրի արտաքին պարտքն ավելացնել, և նախորդ տարվա ՀՆԱ-ի համեմատ, պետական պարտքը հասել է արդեն ՀՆԱ-ի 58%-ի: Այս տարվա պետական պարտքն ավելի արագ տեմպերով աճեց, քան պլանավորված է պետական բյուջեում: Վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ ամսիների ընթացքում ևս ավելանալու է այն: Այս տարվա կիսամյակի հաշվարկով՝ պետական բյուջեի եկամտային մասը, մասնավորապես, հարկերի՝ թերակատարվել է շուրջ 13%-ով կամ 135 մլրդ դրամով: Ավելի քիչ գումար է հավաքվել, սակայն ծախսերը մնացել են նույնը, նույնիսկ, աճել են դրանք, հատկապես, կորոնավիրուսի աջակցության փաթեթների շրջանակներում (մոտ 150 մլրդ դրամ լրացուցիչ ծախս է կատարվել, որը պետական բյուջեյով նախատեսված չէր): Կառավարությունը գնացել է պետական պարտքի ավելացման ճանապարհով»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ պետական բյուջեում կան բազմաթիվ անարդյունավետ ծախսեր, որոնք կարելի էր կրճատել, և ուղղել համաճարակի դեմ պայքարի միջոցներ ձեռք առնելուն: Իսկ պետական պարտք ունենալը, տնտեսագետը որակեց, որպես բնական երևույթ. «Պարտքը, որպես էդպիսին, բացասական երևույթ չէ, եթե այն ուղղված է տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը, քանի որ դա կարող է պետությանը լրացուցիչ օգուտներ բերել: Բայց մեր դեպքում այդ պարտքը գնում է ընթացիկ, ոչ հասցեական և անարդյունավետ ծախսերին»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը մեզ հետ զրույցում նշեց, թե ինչի արդյունքում է պետական այդքան պարտք գոյացել. «Կառավարությունը լիովին անտեսեց այս ուղղությամբ  բոլոր քննարկումներն ու խորհրդակցությունները: Նա չփորձեց մասնագիտական շրջանակների հետ քննարկել, նոր մոտեցումներ մշակել ու քայլեր առաջարկել, այլ շարունակեց հին՝ արդեն ձախողված ու սպառված մոտեցումները: Այս ամենի արդյունքում մենք անընդհատ ավելացնելու ենք մեր արտաքին պարտքը ու մեր հաջորդ սերունդներին թողնելու ենք մեծ պետական պարտք: Մենք ունենք պետական կառավարման անարդյունավետություն, հին կադրեր ու հին մոտեցումներ, ինչի արդյունքում անընդհատ ավելացնում ու ավելացնելու ենք մեր պետական պարտքը»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Զվարթ Պետրոսյան