Նախագահի երդմնակալության արարողությունից հետո սպասվող պաշտոնանկությունների առաջին շարքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Մեր տեղեկություններով՝ Խաչատրյանը, սակայն, որոշել է չընկրկել և ամեն ինչ անել՝ հայաստանյան քաղաքական դաշտում իր անունը մոռացության չմատնելու համար:

Դժվար է ասել՝ արդյո՞ք քաղաքական դաշտում գոյատևելու պահեստային տարբերակը վաղուց էր հաշվարկված, թե՞ դա ծնվել է բոլորովին վերջերս՝ ստեղծված անշրջելի իրողությունների թելադրանքով, սակայն փաստը մնում է փաստ, որ հենց այդ պարտիան է որոշվել գործի դնել՝ Խաչատրյանին «մայթեզրին չթողնելու» համար: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ այդքան օպերացիան է, որքան դրա հետապնդած նպատակը: Երկար տարիներ գործադիր ոլորտում պաշտոնավարելուց, Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում ամենախայտառակ ու սկանդալային մարզպետի համարումը ձեռք բերելուց հետո (այս գնահատականի հիմնավորումը կարելի է գտնել՝ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ այս տարիների ընթացքում հատորների հասնող հրապարակումներին ծանոթանալով) Լիսկան որոշել է դառնալ ՀՀ օրենսդիր: Ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ այս որոշումը Լիսկան կայացրած կլինի ինքնուրույնաբար, ճիշտ այն համարձակությամբ, որով որ ժամանակին որոշեց մուտք գործել գիտության ասպարեզ՝ հավատացած լինելով, որ հայոց պատմագիտությունը հենց իր նման գիտնականի կարիքն ունի:

Եվ այսպես, ՀՀ ազգընտիրների շարքում, Լիսկայի համար տեղ բացելու նպատակով գործի է դրվելու ամենալայն տարածումն ստացած և բազմաթիվ անգամ իրեն արդարացրած մանդատավորի՝ մանդատը վայր դնելու օպերացիան: Խաչատրյանի՝ Ազգային ժողով գործուղած պատգամավորը՝ թիվ 37 ընտրատարածքը ներկայացնող Հայկ Գրիգորյանը, կհայտարարի մանդատը վայր դնելու մասին, որից հետո տվյալ ընտրատարածքում կկազմակերպվեն ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Հենց այս տարբերակով ժամանակին Տարածքային կառավարման նախարարի ու փոխվարչապետի պաշտոնից հրաժարական տված Հովիկ Աբրահամյանը եղբոր՝ պատգամավորական մանդատը վայր դրած Ջոնիկ Աբրահամյանի փոխարեն եկավ ԱԺ, հետո էլ դարձավ ԱԺ նախագահ: ԱԺ նախագահի աթոռի հավակնությունների հաշվով ոչինչ ասել դեռ հնարավոր չէ, բայց որ ԱԺ հասարակ, շարքային պատգամավորի մանդատ ձեռք գցելը բազմաթիվ ընտրություններ «կազմակերպած» Խաչատրյանի համար, ըստ էության, մի մեծ բան չէ, միանշանակ է: Ի դեպ, մինչև մարզպետի աթոռին բազմելը Խաչատրյանը պատգամավոր էր:

Եթե Նավոն ու Շմայսը օրենսդիրներ են, ինչո՞վ է Լիսկան նրանցից պակաս, որ ինքն էլ օրենսդիր չդառնա: Ավելին, եթե ՀՀ-ին վայել և ՀՀ-ի իրական դեմքն արտացոլող խորհրդարանը հենց «Նավոյի ու Շմայսի» խորհրդարանն է, ապա Լիսկան պարզապես «անհրաժեշտություն» է այդ խորհրդարանում: Դեռ ավելին, եթե Լիսկայի նկրտումները վերջնական «դաբրո» ստանան (իհարկե, որքան էլ դժվար չէ Սյունիքի տիրակալի համար իր տարածքից պատգամավոր ընտրվելը, այնուամենայնիվ, հայտնի է, որ մի բան են անձնական նկրտումներն ու տիեզերական հավակնությունները, մեկ այլ բան՝ դրանց իրականացումը, քանի որ անգամ մեծագույն հնարավորությունների տեր անձնավորությունների նկրտումներն ու հավակնությունները կարող են հօդս ցնդել, եթե դրանց իրականացման համար չի տրվում այդ՝ կենսական նշանակություն ունեցող, շատերի համար գուցեև աննշան թվացող «դաբրո» կոչվածը) և եթե ՀՀ խորհրդարանի տեսլականը հենց «Նավոյի ու Շմայսի խորհրդարանն է», կարելի է ասել, որ Հինգերորդ գումարման Ազգային ժողովն այս առումով բավական հետընթաց է արձանագրել, քանի որ այս գումարման մեջ ՀՀ Ազգային ժողովի կատարելատիպին («Նավոյի ու Շմայսի խորհրդարանին») ոչ վայել մի քանի անհատներ արդեն իսկ «սողոսկել են» այստեղ, այնպես որ Լիսկայի հայտնությունն այս առումով ավելի քան սպասված իրադարձություն կլինի խորհրդարանական «բարեփոխումների» ճանապարհին: Ավելին, սա արձանագրված «հետընթացը» առաջընթացի փոխելու մի մեծ քայլ կարող է դիտվել՝ հաշվի առնելով, թե ի՜նչ կարգի հերոսություններով կարող է աչքի ընկնել սկանդալային մարզպետն Ազգային ժողովում:

Ինչ վերաբերում է թողնվելիք «պոստին», ապագա մարզպետի թեկնածությունը դեռ վերջնականապես հաստատված չէ: Այս առումով նկատելի է անգամ կադրային սղություն: Քննարկվող թեկնածուների թվում են ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը (Մոլիբդենի Վահե) և ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ով ծնունդով Տեղ գյուղից է և Սերժ Սարգսյանի ազգականը:

Լուսինե Կեսոյան