Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածը գտնվում է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։

Հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ժամը 07։30-ին հիվանդանոց ընդունված տուժածը 1949 թվականի ծնված կին է: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հետազոտվել է ամբողջ ծավալով, ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ։

Թիվ 1 համալսարանական կլինիկա էր այցելել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը, որը հայտնեց՝ տուժողների բուժումը իրականացվելու է համայնքի միջոցներով։

Հիշեցնենք, որ նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան: