Մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարեց երկրում գյուղատնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հեղափոխությունը, ինչ խոսք, «աննախադեպ» էր՝ առաջին հերթին օպտիմալացվեց գյուղատնտեսության նախարարությունը, այն կառույցը, որը տրամաբանորեն պետք է կյանքի կոչեր սույն հեղափոխությունը:
Այդ նույն գյուղատնտեսական հեղափոխության տրամաբանությանը հետևելով, մի շարք քրեական գործեր բացվեցին այսպես կոչված` գյուղատնտեսական մաֆիայի ներկայացուցիչների դեմ: Ջրային և ջերմոցային մաֆիան, ըստ վարչապետի, հանդիսանում էր գյուղատնտեսական մաֆիայի գլխավոր բաղկացուցիչ մասը և հենց այդ երկուսի ողնաշարը ջարդելով պետք է անհապաղ զբաղվեին իրավապահները: Մասնավորապես, ջերմոցային մաֆիան, ըստ կառավարության ղեկավարի, նախկինում միլիոններ էր դիզել ապօրինի բիզնես իրականացնելով: Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Ուշագրավ է, որ նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծման մեծագույն ջատագով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի դիմացել ջերմոցային բիզնեսի գայթակղությանը: Վերջինիս է պատկանում Սյունիքի մարզի լոլիկի ջերմոցների զգալի մասը, որոնք էականորեն խանգարում են անհատ գյուղացիներին` շուկայում իրացնելու իրենց ապրանքը, քանի որ այդ նույն շուկայում գինը սկսում է թելադրել ժամանակից շուտ վաճառվող ջերմոցային ապրանքը: ՊԵԿ նախկին նախագահ և Կարեն Կարապետյանի հովանավոր Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին Ֆարմեր» ընկերությունը դեռևս նախորդ կառավարության օրոք բազմիցս օգտվել է գործադիրի տրամադրած բիզնես արտոնություններից՝ նոր ջերմոցներ կառուցելու համար: Վարդերի ջերմոցների մեծ սիրահար է նաև Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանը, ում «Էկոտոմատո» և «Արմյանսկի ուրաժայ» ընկերությունները, ունենալով արտահանման հսկայական ցուցանիշներ, չգիտես ինչպես, երբեք չեն հայտնվել խոշոր հարկատուների 1000-ում: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Արտաշես Ավետիսյանին է պատկանում «Գրին Ֆուդ» ընկերությունը: Վերը նշված ջերմոցները այսօր էլ պատկանում են նշված անձանց, սակայն, չգիտես ինչու, Փաշինյանի թիմը մոռացավ նրանց դիզած միլիոնների մասին:
Միակ ռեալ քայլը որը արվել է այն ընթացքում, ինչ հայտարարվել էր գյուղատնտեսական հեղափոխության մասին, դա սպանդանոցների կառուցումն է: Սակայն, ինչպես ասում են, այստեղ էլ կան բազմաթիվ հարցեր: Սպանդանոցների կառուցումը էլ ավելի բարդացրեց գյուղացիների կյանքը, թեև միտված էր այդ կյանքը լավացնելուն: Բանն այն է, որ սպանդանոցներ բացելու արտոնությունները տրվեցին հիմնականում իշխանությունների սրտի օլիգարխներին, որոնցից առնվազն մեկը՝ Սամվել Ալեքսանյանը, առաջին տարին չէ, որ ներգրավված է մսի բիզնեսում:
Գյուղացիներին այսօր մնում է գրեթե յուրաքանչյուր օր ցույցեր կազմակերպել կառավարության դիմաց, խաղողագործները, օրինակ, հայտարարոմ են, որ կառավարությունը խաղողի մթերման հարցում օգնելու մեջ իրենց քցել ու խաբել է: Կասկած անգամ չկա, որ դա այդպես է՝ գյուղացին այսօր ապրում է «եղունգ ունես` գլուխդ քորի» կարգախոսով: Սակայն, կառավարությունը խաբել է ոչ միայն խաղողագործներին, կառավարությունը խաբել է մի ողջ ժողովրդի՝ խոստանալով ոլորտում հեղափոխություն անել, իսկ արդյունքում՝ ոլորտը տոտալ ձախողման ենթարկելով: Գյուղատնտեսական ցուցանիշների աճը հայտարարված հեղափոխությունից հետո այնքան փոքր էին, որ այդ ցուցանիշները անգամ չեն ներգրավվել տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմելիս: Արդեն իսկ վստահաբար կարող ենք ասել, որ գյուղատնտեսական հեղափոխությունը արժանացավ տնտեսական հեղափոխության ճակատագրին՝ գրվելով սառույցին: