«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրականագետ,
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր
Արքմենիկ Նիկողոսյանը։
- Արքմենիկ, նախագահական ընտրություններից հետո նորից
հանրությունը ոտքի է կանգնել ընտրությունների
արդյունքները վիճարկելու, իր ձայնին տեր կանգնելու
համար: Որտե՞ղ պետք է լիներ գրողը՝ փակված իր սենյակում
ստեղծագործելի՞ս, թե՞ պետք է գործընթացների անմիջական
մասնակից լիներ:
- Ոչ մի ժամանակահատվածում գրողը իր սենյակում փակված չի
ստեղծագործել, նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ մեզ
մոտ ընդունված է ասել, որ գրողը քաղաքականապես և
հասարակայնորեն ակտիվ էր: Մենք վերջին քսան տարում չենք
կարողանում հաշտվել կամ չենք կարողանում ընկալել, որ այն գործառույթները, որ նախկինում ուներ գրողը,
այսօր այլևս ակտուալ չեն, և գրողի գործառույթը հասարակական այս նոր պայմաններում ավելի փոփոխված
է: Ես տարբեր առիթներով նշել եմ, որ մենք շատ ենք սիրում գնահատել մեր պետականության անկախության
փաստը, և հաշտվում ենք անկախ պետականության պայմաններում փոխված արժեհամակարգերի հետ, բայց,
չգիտես ինչու, չենք հաշտվում նրա հետ, որ անկախության արդյունքում փոխված պետականության
պայմաններում որոշակի փոփոխություններ պետք է կրեին նաև գրողի գործառույթները: Պետականության
չգոյության պայմաններում գրողը կատարել է պետականության որոշ գործառույթներ, ուղղորդել է իր
ժողովրդին, դաստիարակել է, կրթել է, բերել է որոշակի արժեհամակարգեր, որ, օրինակ, խորհրդային
հասարակարգում մեր ժողովուրդը կարողանար կողմնորոշվել, քաղաքական ներքին ծրագրեր մշակել,
«մեսիջներ» ուղարկել: Օրինակ՝ Պարույր Սևակը կատարել է այսօրվա ընկալմամբ նաև ազատ լրագրողի դեր,
այսօր շատ լրագրողներ համարվում են խոսքի ազատության քարոզիչներ, Պարույր Սևակը 60-ականներին
կատարում էր այդ տեսակ գործառույթ: Եվ այդ պատճառով, որքան էլ մարդիկ համաձայն չլինեն, մեր
գրականությունը ժամանակին շատ է տուժել, որովհետև անընդհատ բեռնավորված է եղել գաղափարական
խնդիրներով, իսկ բուն գրականությունը մղվել է երկրորդ պլան:
Մենք մեզ հարց ենք տալիս՝ ինչո՞ւ մեր Հրանտ Մաթևոսյանը, Չարենցն այդպես էլ չեն դիտարկվում
համաշխարհային գրականության կոնտեքստում, անընդհատ դուրս են մղվում. որովհետև նրանց մոտ
գաղափարականը, ներքին խնդիրներով զբաղվելու գործառույթն ավելի շատ է, քան բուն գրականությունը, իսկ
աշխարհում գնահատվում է նախևառաջ բուն գրականությունը: Մենք երբեմն խաբվում ենք նույն Նոբելյան
մրցանակի դափնեկիրներով, որոնցից շատերին քաղաքական պատճառներով են մրցանակներ տալիս, և մեզ
թվում է՝ մենք այդ նույն գործոնով կարող ենք ինչ-որ մրցանակներ «պոկել» և Նոբելյան մրցանակը դարձնում
ենք չափանիշ, բայց այդպես չէ: Անկախության շրջանը բարեբաստիկ շրջան է հայ գրողի համար այնքանով,
որ բազմաթիվ ավելորդ գործառույթներ իր վրայից նա թոթափեց:
- Անկախության շրջանում կան բազմաթիվ խնդիրներ, այնքան, որ պահանջ է առաջանում, որ գրողի
խոսքը, ձայնը լսելի դառնա։ Պետականություն կա, բայց կա նաև դրա կորցնելու վտանգը՝ հաշվի առնելով մեծ տոկոսի հասնող արտագաղթը: Այս դեպքում արդյո՞ք գրողը չպետք է իր նախկին
գործառույթները կատարի:
- Իսկ ո՞վ է ասել, որ այդ գործառույթն այսօր գրողը չի կատարում, բայց մենք այդ գործառույթը ընդամենը
պատկերացնում ենք ցույցերի, հանրահավաքների, քաղաքական անցուդարձերի ժամանակ նրա ինչ-որ
դերո՞վ: Ի՞նչ է, գրողը անպայման հրապարակներում ճառ ասելո՞ւց պետք է լինի կամ անպայման
հրովարտա՞կ պետք է ուղարկի ժողովրդին, որ հասկանան՝ քաղաքականապես կողմնորոշված է, թե՝ ոչ:
Հրապարակում կանգնում են նրանք, ովքեր ճառ են ասում, նրանք քաղաքական գործիչներ են, մութ կամ
լուսավոր ծրագրեր ունեն, ինչ-որ քաղաքական խնդիրներ են լուծում, հայ գրողի հետապնդած քաղաքական
խնդիրը մեր պետականության կայացումն է, պետության թերությունները ի ցույց դնելը և դրական լուծումներն
առաջ մղելը: Մենք ինչո՞ւ չենք տեսնում գրողի դերը, որովհետև մեր հասարակությունն այսօր ունի մի մեծ
թերություն՝ մենք գրողին չենք կարդում։ Մենք չկարդալով գրողին, չտեսնելով նրա գրականության մեջ առաջ
քաշված խնդիրները, գաղափարները, մեր պետականության կյանքում տեղի ունեցող տարբեր տեղաշարժերը,
մտահոգությունները՝ գրողին մեղադրում ենք, որ ինքը պասիվ է, մասնակից չէ, անտարբեր է, իր սենյակում
փակված է:
Իրականում այդպես չէ. սկսած 91-92 թթ. մեր երկրում բազմաթիվ պատմվածքներ, վեպեր, պոեմներ,
պատմավեպեր են գրվել, որոնք հստակ անդրադարձ ունեն այսօրվա իրականությանը: Օրինակ՝ Լևոն
Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը 4-րդ դարի դեպքերն է արտացոլում, իր
գաղափարական կողմով ուղղված է այսօրվա պետականության կայացման դժվարություններին, այսօրվա
պետականության մեջ առկա իշխանական խնդիրներին և ընդհանրապես երկիրը երկիր դարձնելու
խնդիրներին: Գուրգեն Խանջյանի ստեղծագործություններում և առավել ևս այսօրվա երիտասարդ
արձակագիրների և պոետների բանաստեղծություններում և պատմվածքներում հստակ ասելիք, հստակ
դիրքորոշում, հստակ քննադատություն և հստակ ջատագովություն կա այն ամենի հանդեպ, ինչ կա երկրում:
Մենք, անտեղյակ լինելով, չկարդալով, սկսում ենք մեղադրանք առաջադրել:
- Իսկ կրիտիկական պահին գրողը չպե՞տք է լինի հրապարակում:
- Տեսեք, նույն Մարտի մեկի հայտնի ողբերգական իրադարձությունների ժամանակ շատ գրողներ են եղել
հրապարակում և հենց՝ ժողովրդի մեջ, նույն Լևոն Խեչոյանը Մարտի մեկին կանգնած էր իր ժողովրդի հետ ու
առաջին շարքերում: Ու էլի ուրիշ գրողներ այնտեղ էին:
- Մարտի մեկի թեմային շատ քիչ գրողներ են անդրադառնում, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանն ասում է, որ հազիվ կարողացավ չորս գրող գտնել, որ Մարտի մեկի մասին գրեին այս
տարվա համարներից մեկում:
-Ես գիտեմ Մարտի մեկին անդրադարձած բազմաթիվ հեղինակների, պարզապես մենք թյուր ընկալում ունենք:
Եթե մենք ուզում ենք տեսնել Մարտի մեկի անդրադարձը գրականության մեջ, անպայման փնտրում ենք
մարտի մեկ, իշխանություն և ընդդիմություն բառերը, մենք անպայման փնտրում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի,
Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կերպարները: Գրականությունը լրագրություն չէ, գրականությունը
իրականությունը մատուցում է գեղարվեստորեն, որտեղ ընդհանրացված են և՛ կերպարները, և՛ ժամանակը, և՛
իրադարձությունները: Կարևորն այստեղ գաղափարական հարցադրումներ են, իսկ գաղափարական
հարցադրումներով Մարտի մեկը դատապարտող բազմաթիվ ստեղծագործություններ կան, այդ թվում՝ Շանթ
Մկրտչյանի, Անատոլի Հովհաննիսյանի շատ լավ բանաստեղծությունները, Հովհաննես Թեքգյոզյանի, Արփի
Ոսկանյանի, Համբարձում Համբարձումյանի, Արամ Պաչյանի, Արմեն Օհանյանի պատմվածքները: Մենք սիրում
ենք տեսնել կոնկրետ իրադարձություններ, բայց գրողը տեսնում է այդ ամենի հոգեբանական արձագանքը մեր
երկրի, մեր հասարակության մեջ:
- Կարծիք կա, որ այսօր հասարակությունը գրողից առաջ է անցել իր վախերի հաղթահարման
առումով:
-Բացարձակապես չեմ կիսում այդ կարծիքը, ո՞վ է մեր երկրի հասարակությունը. մեծ մասը նրանք, ովքեր
ընտրություններին 10.000 դրամով իրենց ձայնը վաճառեցին։ Մեր հասարակությո՞ւնը, որ առ այսօր իրենց
գյուղերում հանդուրժում է գյուղապետերի, ովքեր քսան տարի քանդում են մեր գյուղը, մեր հասարակությո՞ւնը,
որը հանդուրժում է մարզպետների, որոնք տարիներով քանդում են իրենց մարզերը, մեր հասարակությո՞ւնը, որ
հանդուրժում է իրենց գյուղերում, քաղաքներում օլիգարխների և թաղային հեղինակությունների: Եթե մի լավ
բան էլ կա մեր հասարակական որոշակի շերտերի մեջ՝ հասունություն, պետականության գիտակցություն,
երկրի տիրոջ զգացողություն, դրանք էլի իրենց հետ բերում են գրականությունը և մշակույթը: Եվ վերջին
իրադարձություններում, որտեղ կա ըմբոստության ալիք, միասնականացման ջանք, գրողներն առաջնային
դիրքերում էին. Սարգիս Հովսեփյանին, Աշոտ Գաբրիելյանին, Արամ Պաչյանին, Նառա Վարդանյանին,
Համբարձում Համբարձումյանին, մյուսներին կարդացեք:
-Գրողի, որպես բժշկողի, գործառույթը ինչո՞ւ տեղ չի հասնում, ինչո՞ւ չեն կարդում:
-Գրողն առ այսօր իր գործը փայլուն կատարում է, պարզապես «բժշկի» տված դեղը ներգործությունն ունենալու
համար պետք է այդ հիվանդը ընդունի այն։ Այսօր գրողը տալիս է այդ դեղը, բայց հասարակությունը չի
ընդունում այդ դեղը տարբեր պատճառներով: Կան նաև օբյեկտիվ պատճառներ. անկախության առաջին
տարիներից սկսած՝ բոլոր երեք նախագահներն էլ, բոլոր երեք իշխանություններն էլ այնպես արեցին, որ մեր
հասարակության մեջ գնալով ընկնի գրողի և մտավորականի վարկը: Մտավորականությունը նույնպես
նպաստեց դրան, որովհետև ասպարեզ եկան մի շարք «մտավորականներ», որոնք ծախվելով կամ այլևայլ
հարաբերություններով կապվելով իշխանություններին՝ ժողովրդի աչքում գցեցին մտավորականի վարկը, և
այսօր գրողը այդ դեղահաբը առաջարկելուց զատ նաև իր պատիվը և հեղինակությունը վերականգնելու խնդիր
ունի, բայց մյուս կողմից էլ՝ դժվար է այդ պատիվն ու հեղինակությունը վերականգնել նույն հասարակություն
մեջ, որը ընթերցասեր չէ, չի կարդում, և մեր հասարակության բարոյահոգեբանական մակարդակը, ճաշակը
զգալիորեն վատթար վիճակում է: Իսկ առիթից օգտվելով՝ իշխանությունները (ես դա ամենայն
պատասխանատվությամբ եմ ասում և մտածելով, թե ինչ եմ ասում), ամեն ջանք կիրառում է, որ այդ ճաշակն
այդպես էլ ցածր մնա՝ տարբեր սերիալներով, տարբեր շոուներով ամբողջ ժողովրդին կրկեսի ծաղրածու
սարքելով: Որ հեռուստաալիքը միացնում ես, մարդիկ մրցում են, տաղանդավոր թե անտաղանդ պարում են,
ընկնում են, երգում են, և ժողովուրդը ամբողջ օրը հեռուստացույցի դեմ սևեռված ընտրում է անտաղանդներց
ամենալավին, չարյաց փոքրագույնին, և դա ճաշակը ցածր պահելու լավագույն միջոցներից մեկն է:
Չասեմ էլ դպրոցների, մեր թերուս ուսուցիչների մասին, որ բուհն ավարտելուց հետո այլևս գիրք չեն կարդում, էլ  ուր մնաց երեխաների մոտ գրքի նկատմամբ սեր արթնացնեն: Իսկ իսկական գրողը երբեք չի գնա
միջակության, իր մակարդակը չի ցածրացնի հանուն հասարակության, նրա խնդիրը հասարակությանը
բարձրացնելն է: Այդ պատճառով է, որ այսօր հասարակությունը գրողի ստեղծածը համարում է բարդ,
անընկալելի, ոչ արդիական, և անընդհատ սիրում է այն ամենը, ինչը հասու է իր պարզ ուղեղին:
- Սակայն արդյո՞ք չեք նկատում հասարակական գիտակցության փոփոխությունները:
- Ես դա չեմ ժխտում, և վերջին նախագահական ընտրությունները դա ցույց տվեցին. թվում էր՝ այնպիսի
ընտրություններ են, որոնց ելքը նախապես վճռված էր, բայց մենք այս պարագայում ավելի հստակ տեսանք
այդ արթնացումը, թոթափումը ներքին կապանքից: Վերջին չորս տարիների ընթացքում համացանցի մեծ
օգնությամբ, գրքերի վաճառքի, միջոցառումների շնորհիվ ինչ-որ չափով բարձրացավ Հայաստանում
ընթերցանության մակարդակը: Տոկոսները շատ մեծ չեն, և ես վստահ եմ, որ դա իր ներգործությունն ունեցել է,
կա ինտելեկտի աճ վերջին չորս տարիներին և հենց այդ ինտելեկտի աճն էլ բերել է ինչ-որ չափով արթնացման:
Եվ հավատացնում եմ, որ եթե ընթերցանության մակարդակը բարձր լինի, գրողների «մեսիջները» ավելի շատ
տեղ կհասնեն մյուս ընտրություններին, և մենք արդեն կունենանք ուրիշ, փոփոխված իրականություն, լրիվ
ուրիշ հասարակություն և լրիվ ուրիշ Հայաստան:
- Երկրի ամենամեծ պրոբլեմը ո՞րն է:
- Մի առիթով ասել եմ, որ մեր երկրում շատ են խոսում վախի մթնոլորտի մասին, բայց իրականում վախի
մթնոլորտը ոչ այնքան դրսից, որքան ներսից է գալիս: Մեր հասարակության և, բնականաբար, մեր երկրի
մեծագույն պրոբլեմներից ամենախոշորը ներքին վախը, ներքին տաբուներն են, որոնք արմատացած են մեր
հասարակության մեջ: Հայ մարդը սարսափելիորեն վախենում է փոփոխություններից, և երբ հայ մարդը
հաղթահարի այդ տաբուն, կկարողանա շատ ավելի առաջ գնալ: Ինչո՞ւ են անընդհատ այդ նույն օլիգարխները,
միևնույն իշխանությունները, ինչո՞ւ ենք մենք վախենում հեղափոխություն անել մեր երկրում և փոխել
իշխանությունը, որովհետև մեզ միշտ թվում է, որ գալու են ավելի վատերը: Մեր ժողովրդի մեծ պրոբլեմն է.
դրանից էլ գալիս են մյուս պատճառները, դպրոցում վախենում են փոխել տնօրենին, ծնողը վախենում է փոխել
ուսուցչին, ուսուցիչը հնազանդ է տնօրենին, տնօրենը՝ գյուղապետին, գյուղապետը սիրում է մարզպետին,
մարզպետը՝ տարածքային կառավարման նախարարին, տարածքային կառավարման նախարարը՝
վարչապետին, վարչապետը՝ նախագահին, նախագահը էն մյուս օլիգարխին, որից շատ բան է կախված… Եվ
այսպես… վախկոտ ժողովուրդ… Իհարկե՝ կան բացառություններ: Ու, տա Աստված, այսօրվա բացառությունը
վաղվա օրինաչափությունը լինի:
- Դուք վախեր ունե՞ք…
- Չասեմ վախեր, ավելի շատ ես տագնապներ ունեմ, որոնք առաջացան երեխայիս ծնվելուց հետո: Ես
անընդհատ մտածում եմ համալսարանում լավ կադրեր պատրաստել, որ ապագայում իմ երեխային լավ
ուսուցիչներ դաս տան։ Ամենուր, ուր աշխատում եմ, փորձում եմ անել ամենալավը, որ այդ
բարոյահոգեբանական լավ մթնոլորտում, արժեհամակարգային ճիշտ դաշտի մեջ ապրեն իմ և մյուսների
երեխաները: