Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացրած հայցի դատական նիստը։

Ավելի վաղ, Տիգրան Ուրիխանյանը վարչապետին ԱԺ-ում հարց էր տվել՝ եթե երկրում կա 60 000-ից ավելի աշխատատեղ, ինչո՞ւ համապատասխան քանակով 1000-ական դրամներ չեն փոխանցվում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հաշվին։


Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը հարց է բարձրացրել, որպեսզի բացահայտվի, թե որտե՞ղ է ժողովրդից գողացած փողը, սակայն դրա փոխարեն դատական հայց է ներկայացվում իր դեմ․ «Ինձանից պահանջում են հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, զրպարտությունը։ Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է պատասխանատվություն կրի» արտահայտությունը։ Սա բացահայտ հետապնդում է այն քաղաքական գործչի նկատմամբ, որը փորձում է բոլոր հնարավոր ձևերով, թևերը քշտած աջակցել ՀՀ-ում բաց, թափանցիկ, պետական միջոցների գոյացման և դրա բաշխման մեթոդաբանությանն ու ճանապարհներին։ Հետևաբար, կամ գումարները եղել են ու տեղ չեն հասել, կամ՝ գումարները չեն եղել, որովհետև չկան աշխատատեղեր, այլ տարբերակ չկա», - նշեց Ուրիխանյանը։

Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը պնդում է, որ կոռուպցիայի մասին բարձրաձայնելուց հետո կառավարությունը որոշեց իրեն հանել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից։