Ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները, հայտարարել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Երևանի Ազատության հրապարակում համահայկական հանրահավաք են անցկացնելու։
«...Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդդիմադիր մյուս ուժերից փորձեցինք հասկանալ՝ արդյոք հանրահավաքին միանալու մտադրություն չունեն: «Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք, մշտապես, աշխատանքային կապ են պահպանել այլ ընդդիմադիր ուժերի և գործիչների հետ . «Այս ընթացքում ՀՀԿ-ն՝ որպես ընդդիմադիր, դաշտի հիմնական դերակատարներից մեկն է եղել: Հանրահավաքի հետ կապված մեր մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կամ ձևաչափը դեռևս կուսակցությունում չի քննարկվել: Սա եռյակի հանրահավաքն է, կոնկրետ մեր քաղաքական մասնակցությունը հանրահավաքին ինչ ձևով կարող է լինել, արդյո՞ք կլինի այս փուլում, թե՞ ոչ, այս պահին չեմ կարող պատասխանել: Բնականաբար, ընդդիմադիր դաշտում ցանկացած խելամիտ, ակտիվ նախաձեռնություն մենք ողջունում ենք, իսկ կուսակցությունը հանրահավաքին մասնակցության հարցը կքննարկի ներքաղաքական զարգացումների համատեքստում»:
ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց, որ ընդդիմադիր եռյակը մի փոքր ուշացել է՝ իշխող կառավարության քաղաքականության դեմ հանրահավաք կազմակերպելու տեսանկյունից. «Ի տարբերության այսօրվա եռյակի՝ ՀՀԿ-ն առաջին իսկ օրվանից եղել է միակ քաղաքական ուժը, որը 2018 թվականի մայիսից ընդդիմություն է, և մենք պայքարել ու պայքարելու ենք հակաազգային, ապաշնորհ քաղաքականության դեմ: Մինչ օրս տեղի ունեցած ամենամեծ ընդդիմադիր հավաքը եղել է ՀՀԿ-ի կողմից՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ դատարանի առջև, որտեղ 3500 մարդ էր հավաքված: Այդ հանրահավաքը՝ ի աջակցություն այս իշախանությունների չէր. դրանից ավելի մեծ հանրահավաք մինչ օրս չի եղել»:
«Եթե որոշ ուժեր կոալիցիա են կազմել, ժամանակին հուշագիր են ստորագրել և հետո են հուսախաբ եղել այս կառավարության գործունեությունից՝ մենք, ի սկզբանե, եղել ենք ընդդիմություն: ՀՀԿ-ն բոլոր օրինական միջոցներով պատրաստ է պայքարել այս իշխանության դեմ, ունենք մեր ճանապարհային քարտեզը, օրակարգը և հաջողություն ենք մաղթում բոլոր ընդդիմադիր ուժերին»,- եզրափակեց Շարմազանովը:
Արփինե Հակոբյան