ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովը ձեւավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նոր ձեւավորված Ազգային Ժողովն առաջին նիստը գումարել է 2019 թվականի հունվարի 14-ին: Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է՝ քաղաքական 3 թիմերից: Շուրջ 1 տարի 6 ամիս է՝ աշխատում են օրենսդիր մարմնի 132 պատգամավորները, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ են ունենում, հարցեր են ուղղում միմյանց, քննարկումներ են իրականացնում, ընդունում եւ փոփոխում են օրենքներ: Սակայն, ոչ բոլոր պատգամավորներն են աչքի ընկնում ակտիվությամբ եւ ելույթներով: Ձեզ ենք ներկայացնում 7-րդ գումարման Ազգային ժողովի այն պատգամավորներին, որոնք աչքի չեն ընկել ակտիվությամբ, չեն ունեցել ելույթներ եւ ներկայացրել են շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններ:
Այսպիսով, ըստ parliamentmonitoring.am-ի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 11-ը 4 նստաշրջաններից եւ ոչ մեկի ժամանակ Ազգային Ժողովի ամբիոնից երբեւէ ելույթ չի ունեցել: Ելույթ չունեցած պատգամավորներից ոմանց մոտ նույնիսկ հարցեր չեն առաջացել:
Մատթևոս Ասատրյանը բոլոր նստաշրջանների ընթացքում կողմ է քվեարկել 577 անգամ, բացակայել է 79 անգամ, տվել է 1 հարց, ունեցել է 0 ելույթ:
Ալեքսանդր Ավետիսյանը կողմ է քվեարկել 597 անգամ, բացակայել է 68 անգամ, տվել է 2 հարց, ունեցել 1 ելույթ:
Սեդրակ Թևոնյանը կողմ է քվեարկել 649 անգամ, բացակայել է 12 անգամ, տվել է 0 հարց, ունեցել է 0 ելույթ:
Երջանիկ Հակոբյանը կողմ է քվեարկել 547 անգամ, բացակայել է 74 անգամ, տվել է 0 հարց, ունեցել է 0 ելույթ:
Վահե Ղալումյանը կողմ է քվեարկել 622 անգամ, բացակայել է 32 անգամ, տվել է 0 հարց, ունեցել է 0 ելույթ:
Արգիշտի Մեխակյանը կողմ է քվեարկել 636 անգամ, բացակայել է 30 անգամ, տվել է 0 հարց, ունեցել է 1 ելույթ:
Արտաշես Պետրոսյանը կողմ է քվեարկել 650 անգամ, բացակայել է 10 անգամ, տվել է 2 հարց, ունեցել է 0 ելույթ:
Կարեն Սարուխանյանը կողմ է քվեարկել 590 անգամ, բացակայել է 68 անգամ, տվել է 0 հարց, ունեցել է 0 ելույթ:
Հակոբ Սիմիդյանը կողմ է քվեարկել 588 անգամ, բացակայել է 89 անգամ, տվել է 0 հարց, ունեցել է 0 ելույթ:
Վահե Հովհաննիսյանը կողմ է քվեարկել 650 անգամ, բացակայել է 10 անգամ, տվել է 4 հարց, ունեցել է 0 ելույթ:
Հռիփսիմե Գրիգորյանը կողմ է քվեարկել 529 անգամ, բացակայել է 161 անգամ, տվել է 5 հարց, ունեցել 1 ելույթ:
6-րդ գումարման ԱԺ-ում «լուռ» պատգամավորների թիվը նույնպես մեծ էր: 5-րդ գումարման ԱԺ-ում ամենահաճախ «կողմ» է քվեարկել է և ոչ մի հարց ու ելույթ չի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը (547): Նրան հետևում են ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը (545), Ալեքսան Պետրոսյանի (544), խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը (544), Հայկ Գրիգորյանը (541), Տաճատ Վարդապետյանը (541), Վոլոդյա Բադալյանը (539), Հովհաննես Սահակյանը (539), Ռուբեն Հովսեփյանը (538 ), Ջոն Սոֆոյանը (536):
Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: ԱԺ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետևաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ՝ ներառյալ հարկերը: Իսկ հարկվելուց հետո պատգամավորի, այսպես ասած, «մաքուր» աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ: Ինչպես հայտնի է, պատգամավորները, բացի աշխատավարձից, նաև աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար են ստանում՝ 198 420 դրամ: Եթե այս պարգևավճարից հանենք հարկերը՝ 55 557 դրամը, ստացվում է 142 863 դրամ: Այսինքն՝ պատգամավորներից շատերը «լուռ» նստելու համար պետական բյուջեի միջոցներից ստանում են 612 հազար դրամ աշխատավարձ և պարգևավճար: Ուշագրավը նաև այն է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր թիրախավորում ՀՀԿ լռակյաց պատգամավորներին՝ պահանջելով, որպեսզի վերջիններս մանդատները վայր դնեն և զուր չծախսեն հարկատուների գումարները: Այսօր Փաշինյանի թիմում նույնպես առկա են նման պատգամավորներ, սակայն արդեն վարչապետ Փաշինյանն այս հարցում, ինչպես և բազմաթիվ այլ հարցերում, որդեգրել է երկակի ստանդարտներ...