«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Հունաստան, որի ընթացքում, ըստ միջազգային մամուլի, քննարկվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան Կրետե տեղափոխելու առաջարկները։ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Ինջիրլիքի ռազմաբազան տեղափոխելու խոսակցություններն արդեն մի քանի տարի շրջանառվում են ամերիկյան քաղաքական եւ ռազմական վերնախավի, ինչպես նաեւ վերլուծաբանների շրջանակներում։ «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի վարած քաղաքականությունն Միացյալ Նահանգների համար գնալով դառնում է ավելի անկանխատեսելի»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը՝ նշելով, որ ամերիկացիներն այս անգամ կարծես թե ավելի վճռական են տրամադրված եւ պատրաստ են որոշակի քայլեր կատարել։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնածավալ հարձակմանը, զրուցակիցս նշեց, որ Հայոց բանակի հերոսական պայքարի շնորհիվ նրանց չի հաջողվում մեր տարածաշրջանում կյանքի կոչել իրենց ծրագրերը։ Մեր հաջողությունները Սաֆրաստյանը բացատրում է երկու կարեւոր հանգամանքով, նախ՝ մեր զինված ուժերը մարտավարական առումով շատ գրագետ են գործում, խուճապ չկա եւ հիանալիորեն լուծում են այն խնդիրները, որոնք դրվում են զինվորական ղեկավարության կողմից․ «Կարեւոր է նաեւ այն խիզախությունը, որ ցույց է տալիս հայ զինվորն իր հողը պաշտպանելիս»։ Երկրորդ գործոնը՝ թիկունքի միասնականությունն է, այն խանդավառությունը, որը բնորոշ էր նաեւ 1990-ականներին՝ Արցախյան ազատամարտի տարիներին։ «Հայոց բանակի զինվորն աչքի է ընկնում իր պրոֆեսիանալիզմով եւ հերոսությամբ»,- նշեց նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: