Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ադրբեջանական 3 արկ է ընկել, որի հետևանքով վիրավորում է ստացել 1 երեխա, վնասվել՝ 6 տուն։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության հայտարարությունը շատ դիպուկ էր. «Նրանք պաշտոնապես հայտարարեցին՝ պատրաստ են առաջարկներ անել բանակցություններ անցկացնելու համար, և կողմերը պետք է անհապաղ զինադադար հաստատեն: Բացահայտ հայտարարեցին՝ թույլ չեն տա իրենց սահմաններում վարձկանների առկայությունը և ամեն ինչ կանեն, որ այս խնդիրը լուծվի. կոչ արեցին կողմերին դուրս բերել վարձկաններին: Հայտարարել են նաև՝ կողմերը փորձեն առավել զուսպ լինել և չանցնեն սահմանները, կարողանան իրենց տարածքներում լուծել իրենց խնդիրները՝ չանհանգստացնելով հարևաններին, հակառակ դեպքում՝ իրենք, փաստացի, ներգրավված կողմ կարող են լինել»:
Իրանագետը կարծում է՝ Հանրապետության ներսում կլինեն նաև ներքին քննարկումներ. «Իրանը Ադրբեջանին կոչ է հղել և զգուշացրել, որ արկերը, հարվածները լինեն իրենց տրածքում և որևէ կերպ չհատեն սահմանները, բնականաբար, սրանք բոլորին ուղղված կոչեր են: Մենք տեսանք, որ Իրանի ԱԳ նախարարը քննարկումներ ունեցավ ինչպես ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ Ադրբեջանի նախարարի հետ, այսինքն՝ ես վստահ եմ՝ այս հարցերը նաև այդ հարթության մեջ են քննարկվում»:
«Չեմ կարծում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան հարված կհասցնի Ադրբեջանին, դրա մասին խոսք լինել չի կարող, բայց, այնուամենայնիվ, սա որոշակի լուծում կպահանջի, վստահաբար, Իրանը առարկայական կանդրադառնա այն երկրներին, որտեղից, որ գալիս են թե՛ արկերը, թե՛ խոցված ԱԹՍ-ները. միայն դրանից հետո, իր ազգային անվտանգությունից ելնելով, որոշակի գործողություններ, իհարկե, կիրականցնի. չի կարող թողնել, որ իր սահմանը անընդհատ հարվածի տակ լինի»,- նշեց իրանագետը և հավելեց. «Ապագայում կարող են ավելի լայնածավալ գործողություններ իրականացնել և իրավիճակը կարող է փոխվել»:
Իսկանդարյանի խոսքով՝ դատապարտելի են Ադրբեջանի գործողությունները, և Իրանի Իսլամական Հանրապետությունը իր խողովակներով ամեն կերպ կփորձի ազդեցություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու նման գործելաոճը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչպես միշտ վարում է զուսպ քաղաքականություն, տարածաշրջանում փորձում է բալանսավորված քաղաքականություն իրականացնել, թույլ չի տալիս և չի էլ պատրաստվում որևէ ուժի հեգեմոնիան լինել տարածաշրջանում, խոսքը վերաբերում է Թուրքիային: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան է ակտիվանում և, միաժամանակ, Իրանը զսպող կոչեր է անում, որ ղարաբաղյան այս խնդրին պետք չէ մասնակից դարձնել մյուս երկրներին, որովհետև դրանով իսկ կբարդանա խնդիրը, և շատ ավելի դժվար կլինի լուծման ճանապարհներ գտնել»,- եզրափակեց իրանագետը:
Արփինե Հակոբյան