Նախօրեին վարչապետը հանդիպում է ունեցել նաև խորհրդարանական ուժերի հետ, ներկայացվել է իրավիճակը, սակայն մանրամասներ հայտնել չեմ կարող: Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և ինֆորմացիա կտրամադրվի ստեղծված իրավիճակի և այլ մանրամասների վերաբերյալ, սակայն ձևաչափը չեմ կարող ասել: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողների այն հարցին, թե խաղաղապահներ Հայաստան բերելու հարցը երբևիցե քննարկվել է, Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման հարցի քննարկման ներկա չեմ եղել, եղել են ինչ-որ նման ակնարկներ, խոսակցություններ, բայց պաշտոնական քննարկման մակարդակով նման հարց չենք քննարկել: Կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն, որովհետև գիտեք՝ մենք մշտապես բաց ենք եղել հանրության առաջ, նույնիսկ հիմա, որովհետև այդ վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է այսօր՝ պատերազմի իրավիճակում»:
Սիմոնյանը նշեց, որ վարչապետի ելույթը վերաբերելու է ամեն ինչին:
«Այսօր մեր և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, և ես կարող եմ ասել, որ համագործակցությունը, իրավիճակի սթափ գնահատումը, թերևս, կա գրեթե բոլոր գործընկերների հետ, որը այսօր շատ կարևոր է: Արցախի անկախության հետ կապված մենք պետք է հասկանանք դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը և հետևանքները: Պարզ է, որ անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է, բայց չեմ կարող ասել՝ այսօր հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվել է, թե ոչ, կասեմ միայն, որ մենք գնում ենք Արցախի անկախությունը ճանաչելու ճանապարհով»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Սիմոնյանը հավելեց նաև, որ շատ կարևոր է՝ Արցախի անկախացումը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի կողմից և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր: