Վարդան Ավետյանը զոհվեց հոկտեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում: Եվս 9 ամիս և նա պետք է վերադառնար տուն: ԼՈՒՐԵՐ.com-ը Վարդանի մասին խոսել է ընկերոջ՝ Վահան Մովսիսյանի հետ:

«Վարդանի հետ ուսանողական տարիներին ենք ծանոթացել, իր չափ կյանքով լի մարդ ես շատ քիչ եմ հանդիպել, այնքան կյանք կար մեջը, որ մինչև հիմա էլ չեմ կարողանում հավատալ, որ վերջացավ այդ կյանքը»,- նշեց ընկերը:

Վերջինս ասաց, որ չնայած Վարդանի էներգիայի մեծ պաշարին, նա շատ զուսպ էր, հավասարակշռված ու կայուն. «Վարդանը Բրյուսովում էր սովորում՝ քաղաքագիտության բաժնում: 1-2 կուրսից սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր բնագավառներում՝ սկսած հյուրանոցի ռիսեփշնից, մինչև միջազգային բեռնափոխադրող կազմակերպություններում»,- ասաց Վահանը:

Մեզ հետ զրույցում Վահանը կիսվեց հերոսի հետ ունեցած իր ամենատպավորիչ հիշողությունով. «Մեջս ամենից շատ տպավորվել է իմ 18 ամյակի գիշերը, որ իրար հետ նշեցինք, ես էլ մի քանի օրից բանակ պետք է գնայի: Վարդանը ինձանից շատ էր ուրախացել իմ ծնունդին: Մենք գնացինք ծառայելու՝ ինքը մնաց ավարտի ու նոր գնա բանակ»,- ընդգծեց Վարդանի ընկերը:

Վերջինիս խոսքերով, Վարդանը լավ ընկեր էր ոչ միայն տղաների համար, այլև աղջիկների. «Ընկերության մեջ մեծ հարգանք ուներ ու դրան զուգահեռ շատ լավ լեզու էր գտնում նաև աղջիկների հետ: Վարդանը շատ վստահելի ընկեր էր բոլորի համար»,- ասաց Վահանը:

Վարդանի ընկերը նշեց, որ ընկերոջ լուրը ստացավ այն ժամանակ, Արցախ օգնություն էր տանում. «Ամենավատն էլ այն էր, որ իրա զոհվելու լուրը Արցախի ճանապարհին իմացա: Այդ մասին ինձ հայտնեց Արցախում ծառայող իմ ու Վարդանի ընդհանուր ընկերը:
Այդ ապրումները ես ոչ մեկին չեմ ցանկանա»,- եզրափակեց Վահան Մովսիսյանը: