Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով.
«Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»:
Հովհաննիսյանի խոսքով' հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈւ-ն, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար:
«Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: