Միջազգային հեղինակավոր մամուլն սկսել է հայանպաստ ռեպորտաժներով և հոդվածներով հանդես գալ: Միջազգային հանրությունը, կարծես թե, այլևս որևէ կասկած չունի, որ Հայաստանն ու Արցախը կռվում են միջազգային ահաբեկչության դեմ և որ տարածաշրջանում Թուրքիայի կողմից բերված ահաբեկիչների գոյությունը այլևս հաստատված փաստ է:
«Սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել», - պնդում է Լոնդոնում լույս տեսնող Guardian պարբերականը։
«17-ից 30 տարեկան սիրիացիները Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով հավաքագրվել են թուրք զինվորականների և [Անկարայի դաշնակիցը հանդիսացող] «Սիրիական ազգային բանակի» հրամանատարության իմացությամբ», - պնդում է BBC-ի արաբական ծառայությունը։
BBC-ի թուրքական ծառայության տեղեկություններով' Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով հավաքագրված սիրիացիների ընդհանուր թվաքանակը հասնում է 1000-ի։ Լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ դրանցից 250 հոգու Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքից տրանսպորտային օդանավերով տեղափոխել են Ադրբեջան։
Guardian-ն ավելի է հեռուն է գնացել՝ հայթայթելով Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացիներից մի քանիսի անձնական տվյալները։ Զոհերից մեկը Աթարիբ քաղաքի բնակիչ Մուհամեդ Շհաալանն է։ Նրա մահվան մասին ընտանիքի անդամներին տեղեկացրել են «Ալ Համզա» դիվիզիայի ներկայացուցիչները՝ ասելով, որ «նրա դին Ադրբեջանից վերադարձնելը դժվար կլինի, բայց իրենք կփորձեն դա անել»,- սիրիացի զինյալի եղբոր խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը։
Ադրբեջանի կողմից սիրիացիների ռազմական գործողությունների մասին տեղեկություններ է հաղորդել նաև Մերձավոր Արևելքով զբաղվող ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերյեն։ Նա Twitter-ում գրել է. «Խոսել ենք [սիրիացի] մարտիկների և հրամանատարների հետ։ Հավաքագրվել է մոտ հազար հոգի «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումներից, ինչպես նաև փախստականների ճամբարներից։ Սեպտեմբերի 18-ից ի վեր նրանց սկսել են ուղարկել [Ադրբեջան]՝ վճարելով հազարական դոլարը։ Նրանցից երկուսը զոհվել են արդեն կիրակի օրը»:
Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում Լեռային Ղարաբաղի համար։ Գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտեր են սկսվել, որոնց հետևանքով երկու կողմն էլ մարդկային կորուստներ է կրել։
Ինչ վերաբերվում է արաբական լրատվամիջոցներին' նշենք, որ տարածաշրջանում, բացառությամբ Իսրայելի, որտեղ քիչ թե շատ կա ազատ մամուլ, մնացած բոլոր երկներում մամուլը վերահսկվում է' հաշվի առնելով այդ երկրների վարչակարգերի բնույթը։
Քրդական լրատվամիջոցները դեռ Տավուշի սահմանին հուլիսյան էսկալացիայի ժամանակ են գրել ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի կողմից նախապատրաստելու և Արցախի դեմ ուղարկվելու մասին. սեպտեմբերից քրդերի լուսաբանումները հստակ փաստերով էին, սա ևս մեկ նշան էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարթություններում համակողմանի պատրաստվում էին պատերազմի:
Իրանական մամուլը հիմնականում ներկայացվում է պետական քաղաքական ուղեգիծը՝ փորձելով լինել հավասարակշռված: Հաշվի առնելով Իրանի բազմաշերտ բնույթը' այս համատեքստում էլ լրատվամիջոցներն են տարբեր կենտրոններից կառավարվող։ Այդուհանդերձ, դիրքորոշումները ներկայացվում է հավասարակշռված: