Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին»,- նշեց Ամատունին:
Ավելի վաղ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է:
«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը»,- գրել էր Թաթոյանը:
Ադրբեջանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։