«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկուշաբթի երեկոյան Վիեննայի կենտրոնում տեղի ունեցան մի շարք հրազենային հարձակումներ, հարձակման թիրախներից մեկը սինագոգն էր: Ավստրիայի իշխանությունները հարձակումը որակել են ահաբեկչություն: Մեկ հարձակվող սպանվել է, իսկ ոստիկանությունը որոնում է հավանական հանցակիցներին:
Ավստրիայում առնվազն 14 մարդ է բերման ենթարկվել, հետագայում Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են նաև երկու ձերբակալվածների մասին:
Հարձակման արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հենց ինքը՝ ահաբեկիչը, ով, Ավստրիայի ՆԳՆ-ի համաձայն, «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից էր:
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է: