Գուրգեն Մնացականյանը այն քաջ հայորդիներից մեկն էր, որը պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվեց, մեկնեց ռազմաճակատ ու զոհվեց հանուն հայրենիքի: Նա համացանցում լայն տարածում գտած տեսանյութից հայտնի Հարութի եղբայրն է:
Եղբոր մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ խոսելիս Հարութը ներկա ժամանակով է խոսում, ընդգծում է՝ ինքն ու Գուրգենն առավել են, քան պարզապես եղբայրները. «Ընկերոջը, հայրենիքին, տանը նվիրվելու գաղափարով ենք դաստիարակվել, ինքը ինձնից երկու տարով մեծ է ու միշտ հոգ է տարել իմ մասին: Անսահման բարի ու հավատարիմ է Գուրգենը, շատ հանգիստ բնավորություն ունի, ինչ լինում է, փորձում է մարդկանց հետ խոսել, բացատրել»:
Երկու եղբայրները հայրենիքի պաշտպանությանը նվիրվել են դեռ 2014 թվականից: Գուրգենը ծառայել է Եղնիկներում, եղել հետախույզ, 20 ամիս ծառայելուց հետո, թոքերի հիվանդության պատճառով, նրան զորացրել են: Այդ հանգամանքը երբեք չի խանգարել Գուրգենին՝ Արցախի պաշտպանության համար ցանկացած պահի լինել առաջնագծում. այս անգամը ևս բացառություն չէր:
«Եղնիկներից Քարին տակ տեղափոխվելու ճանապարհին Գուրգենը զանգեց, խնդրեց՝ իրեն թույլ տամ, որ ինձ հետ գա՝ մարտերին մասնակցի. նրան կանգնեցնել հնարավոր չէր: Գուրգենը կռվել է մինչև վերջ. մարտի ամենաթեժ պահին, երբ արդեն մեր հատվածում մնացել էինք ես, եղբայրս ու մի քանի վիրավոր ժամկետային զինծառայողներ, նետվեց փրկելու 18-ամյա զինծառայողի կյանքը: Այդ ժամանակ, ցավոք, Գուրգենը ստացավ բեկորային վնասվածք, բայց սիրտը դեռ բաբախում էր: Մինչև մեր մյուս տղաների օգնության և շտապօգնության հասնելը, եղբորս աչքերի մեջ նայելով՝ հայրենի հողի վրայով քարշ էի տալիս դեպի փրկություն: Նա չփրկվեց և, ցավոք, առանց մի խոսք ասելու, ուղղակի աչքերիս մեջ նայելով՝ հեռացավ կյանքից: Ես կորցրի իմ միակին և իմ ամենահարազատին»,- եղբոր հերոսության պատմում է Հարութն ու ավելացնում. «Գուրգենը կարող էր առաջ չգնալ, որտեղ թշնամին է, կարող էր նահանջել, բայց գնաց ու զոհեց իրեն՝ հանուն զինակցի փրկության»:
18-ամյա զինծառայողը, որի կյանքը փրկել է Գուրգենը, ողջ է, Հարութն ասում է՝ եղբոր պես է ընդունում նրան ու անպայման գտնելու է:
Գուրգենն ամուսնացած է, ունի երկու երեխա: Իսկ Հարութը, որ միասնության, հաղթանակն ազգովի կերտելու կոչ էր ուղղում բոլորին, շարունակում է մնալ առաջնագծում՝ հանուն իր ընտանիքի, հողի ու հայրենիքի: