Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ նշելով, թե իբր վիրավորվել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Սակայն այսօր 168.am-ի հետ զրույցում Օհանյանն ասել էր, որ իրեն լավ է զգում, միայն թե իր մոտ գտնվող ընկերներից մեկը վիրավորվել է, մյուսը՝ զոհվել:

Քիչ առաջ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան  էջում հրապարակել է ընկերոջ լուսանկարն ու գրել. «Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։ Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»,- գրել է նա:

 

Սեյրան Օհանյանի վերոնշյալ ընկերները գնդապետ Սերգեյ Հայրապետովն ու մայոր Վահե Սիրունյանն են, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի՝ Շուշիի մեձակայքում գտնվող ադրբեջանական դիվերսիոն խմբերին ոչնչացնելիս: 

Նկատենք, որ երեկ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, հավանաբար նկատի ունենալով հենց նրանց. «Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան, հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք»,- գրել էր նա:

Նշենք, որ  Սերգեյ Հայրապետովն ու Վահե Սիրունյանն (հետմահու) արժանացել են «Մարտական խաչ. 1-ին աստիճան» շքանշանի: