Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանրամասնում է՝ Լեռնային Ղարաբաղի «անթիվ սրբավայրերին» սպառնում է դառնալ Ադրբեջանի «նվաճման լուռ զոհերը»:
Հայոց պատմությունը նշանավորվում է հավատի ամրությամբ:
Որպես առաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչներ (301 թ.)՝ մենք բախվել ենք դարավոր հետապնդումների և մեր թշնամի հարևանների ձեռքով լիակատար բնաջնջման վտանգի: Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի շնորհիվ մենք տեսել ենք մեր ժողովրդի հարությունն ու վերածնունդը և մեր սրբազան տոհմածառի շարունակությունը՝ միշտ հիշելով մարդկային կյանքի գերագույն արժեքը և անելով հնարավորը՝ այն պաշտպանելու համար:
Սակայն, դժբախտաբար, այդ ճանապարհին մենք կորցրել ենք անթիվ սրբավայրեր՝ եկեղեցիներ և վանքեր, գերեզմանոցներ և հուշարձաններ, սրբազան անոթներ և ձեռագիր մատյաններ, որոնք դարձել են նվաճման և պատերազմի լուռ զոհերը: Դրանք անհետացել են մարդկության պատմության քարտեզի վրայից՝ համընդհանուր քրիստոնեական ժառանգության կորսված մի կտոր:
Այսօր մեր հին մշակույթի վերջին մնացած շրջաններից մեկը ոչնչացման վտանգի եզրին է: Արցախի հողը, որն աշխարհին հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, դաժան պատերազմի՝ բնիկ հայ ժողովրդի դեմ հարձակման կենտրոնն էր: Մեր ժողովուրդն այս հողում հազարամյակներ է ապրել՝ այն դարձնելով սրբավայրերի և թանկարժեք մասունքների տուն: Մեր ավանդույթի համաձայն՝ Գանձասարի 13-րդ դարի վանքում է ամփոփված Սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը: Դադիվանքի վանքում է գտնվում Սուրբ Դադեի դամբարանը, Սուրբ Թադեոսի անմիջական հետևորդը՝ Քրիստոսի առաքյալը, որը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հիմնադիրներից մեկն էր:
Ցավ ի սիրտ հետևում ենք, թե ինչպես է այս երկիրը վերջին վեց շաբաթվա ընթացքում լուրջ վտանգի ենթարկվում: Հազարավոր մարդիկ՝ զինվորներ և քաղաքացիական անձինք, մեծահասակներ ու երեխաներ, կորցրել էին իրենց, քանի որ մեր ժառանգությանն ուղղակի հարված էր հասցվել: Հոկտեմբերի 8-ին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանը երկու անգամ հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը:
Կրակի դադարեցումից հետո Արցախի տարածքի զգալի մասը հանձնվեց Ադրբեջանին: Սա էր մարդկային հետագա կորուստներից խուսափելու գինը: Մեր զինվորները մեծ քաջությամբ և նվիրվածությամբ արեցին ամեն ինչ իրենց նախնյաց հողը պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանն իր հզոր զինանոցով և նավթային մեծ հարստությամբ ավելի մեծ ուժ ուներ: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և առաջնագծում սիրիացի վարձկանների ներգրավմամբ նրանց հարձակումը մեզ ջախջախելու համար էր:
Երկրից մեր համայնքներն ու ժողովները վտարվելուց հետո հետևում են մնացել մեր պատմության և հավատի վկայություն հանդիսացող հազարավոր սուրբ հուշարձաններ: Ի՞նչ կլինենք դրանք ապագայում: Հուսով եմ ու աղոթում եմ, որ դրանք ողբերգական ճակատագիր չեն ունենա:
Երբ ես տասը տարի առաջ՝ Համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում այցելեցի Բաքու, ես այցելեցի Ադրբեջանի տարածքում հայկական եկեղեցու վերջին մնացորդների վայր: Իրականում կառույցից հանվել էր մեր մշակույթի յուրաքանչյուր հետք՝ խաչը, զանգերը, սուրբ սեղանը, մկրտության ավազանը և որմնանկարները, իսկ մասունքները ոչնչացվել էին: Ժամանակին այդ երկրի տարածքում եղել են շատ ավելի հին հայկական քրիստոնեական վայրեր, սակայն դրանք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ոչնչացվել են:
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում 4-րդ դարում կառուցված Սուրբ Թարգմանչաց վանքը ավերված է:
Պատմականորեն հայկական մեծ համայնքին պատկանող Նախիջևանի շրջանը Խորհրդային Միության կողմից Ադրբեջանին հանձնելուց հետո հայ բնակիչները վտարվեցին, և ավելի քան 6000 բարդ խաչքարեր ոչնչացվեցին: Մշակութային ցեղասպանության արշավը շարունակվեց մինչև 2002 թվականը: Այս ամենը տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, որին ականատես եղան հետազոտողներն ու ֆոտոլրագրողները:
Մշակութային այս զտումն այլևս չպետք է կրկնվի:
Այս պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանցի զինվորների ատելության և բարբարոսական վարքագծին, պատերազմական հանցագործությունների, որոնք մանրամասնորեն փաստագրվել են: Մենք ականատես եղանք մեր սրբազան հուշարձանների նկատմամբ վանդալիզմի:
Մեր թարմ հիշողությամբ՝ անկեղծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կպաշտպանեն իրենց վերահսկողության տակ գտնվող հայկական քրիստոնեական վայրերը: Ադրբեջանը միանձնյա պատասխանատու է մեր եկեղեցական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը կամ ոչնչացումը կանխելու, մեր պատմությունը ժխտելու կամ մեր մշակույթը յուրացնելու բոլոր փորձերը արգելելու համար:
Աղոթում եմ, որ աշխարհն արձագանքի այս կոչին՝ ոտքի կանգնելով պաշտպանել այս փոքրիկ հողակտորը և դրա նշանակալի ներդրումը մարդկության համընդհանուր մշակույթում: Իմ ժողովուրդը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Blue Shield International-ի և Սմիթսոնյան ինստիտուտի նման հաստատություններ դերակատարում կունենան մեր սրբավայրերը ներկայիս վիճակում պահպանելու գործում:
Աշխարհին կոչ ենք անում վկայություն տալ, աղոթել խաղաղության և արդարության համար և գուցե նույնիսկ մի օր այցելել այդ եկեղեցիները: (Դրանցից շատերը կցուցադրվեն առցանց, որոնք շուտով կտեղակայվեն Աստվածաշնչի թանգարանում): Լեռնային Ղարաբաղի տարածքում հաշվվում է մոտ 4000 պատմական հուշարձան. նրանցից յուրաքանչյուրն ունի հզոր հոգևոր ժառանգության ազդեցություն:
Այս դժվար օրերին ես հիշում եմ Սուրբ Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված Երկրորդ թուղթը.
«Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած»:
Թող բոլորս ապրենք խաղաղության ու ապահովության մեջ: Թող հավատի զորությունը պահպանի բոլոր մարդկանց և մխիթարի նրանց, ովքեր ամբողջ աշխարհում ապրում են պատերազմների և կռիվների մեջ:
Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգին ոգեշնչի բոլոր մարդկանց՝ արտահայտելու միմյանց հանդեպ իրենց բարությունը, կարեկցանքը և մարդասիրությունը: