Նախօրեին կառավարության ընդունած որոշման համաձայն' միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։ Այս ծրագրի մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավետել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Զարա Բաթոյանը:

Տիկին Բաթոյանի աշխատանքը պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած, երբ Հայաստանը բախվեց փախստականների խնդրին, հանրության քննադատության էր արժանացել: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն էին հայտնում առ այն, որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներին բնակարանով, սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու ողջ բեռը ընկել է սրտացավ քաղաքացիների վրա, իսկ պատկան մարմինները անգործունեություն են դրսևորում: Զարուհի Բաթոյանը պատերազմի ամենա թեժ օրերին զբաղված էր ֆլեշմոբեր կազմակերպելով: Նախարարն իր ֆեյսբուքյան պատին գրել էր, թե առաջարկ կա կազմակերպել «կաթսաների ակցիայի նման մի ակցիա, մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար: Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»:

Ֆեյսբուքահայույթունը, ճնշող մեծամասնությամբ, ինչ մտածում էր՝ ասաց: Զարուհի Բաթոյանն էլ դա արագ հասկացավ ու որոշ ժամանակ անց նրա պատին հայտնվեց մի «նեյտրալ» գրառում, թե հիշյալ առաջարկը «չենք ընդունում, շնորհակալ եմ կարծիքների և դիտարկումների համար»: Հազարավոր մարդիկ այդ օրերին թիկունքում զբաղված էին ոչ միայն բանակին, զինվորներին աջակցելու համար սնունդ և անհրաժեշտ պարագաներ հավաքելու, փոխադրելու հարցերը կազմակերպելու խնդիրներով, այլև՝ Երևանում, այլ բնակավայրերում ապաստանած մեր արցախցի հայրենակիցներին անհրաժեշտ հագուստով, այլ պիտույքներով ապահովելու գործով: Բայց թվում է, թե հենց նման աշխատանքների համակարգմամբ առաջնահերթ պիտի սոցհարցերի գերատեսչությունն զբաղված լիներ: Այնքան զբաղված, որ ինչ-որ «կաթսայական» ֆլեշմոբերի մասին քննարկումների առիթ տալու ժամանակ էլ չունենար:

Այժմ էլ՝ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով հայրենիքից և սեփական տներից զրկված արցախցիներին առաջարկում են միանվագ տրամադրել 68 հազար դրամ. ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր: Բաթոյանը 2019թ. մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար: Նախարարի աշխատավարձը 2019թ. հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019թ. դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ: 2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար: Սա պարզապես տեղեկատվություն է, պաշտոնական տեղեկատվություն, որը շատ հեշտ, իսկ այս դեպքում նաև տեղին է համադրել այն օգնության հետ, որը առաջարկվում է տներից զրկված և գաղթի ճանապարհը բռնած արցախցիներին: Այս համեմատությունը արվում է զուտ բարոյական հարթության մեջ...

Նշենք նաև, որ Համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցվել է մոտ 170 մլն դոլար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ գումարից հնարավոր չէ այս պահին օժանդակություն տրամադրել արցախցիներին, չէ՞ որ հանգանակությունները արվում էին հենց այդ նպատակով: Կասկածից վեր է, որ հիմնադրամի գումարները չէին կարող ծախսվել զենք գնելու վրա, բոլոր նման խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պարզագույն մանիպուլյացիաներ: Հետևաբար' ի՞նչն է խանգարում իշխանություններին օգտվել գոնե այս աղբյուրից: Թե՞ աղբյուրը արդեն ցամաքել է…