Սիրելի ՛ Հայրենակիցներ, Մեր Հայրենիքը թուրք-ադրբեջանական ահաբեկչական կոալիցիայի աննախադեպ հարձակման թիրախ դարձավ՝ մեզ համար անցանկալի հետևանքներով, սակայն մենք կոտրվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Ընդհակառակը, պետք է համախմբվենք, մեկ բռունցք դարձած դիմակայենք նոր մարտահրավերներին, որ ծառացել են մեր առջև: Պատերազմի ելքից անկախ՝ կյանքը շարունակվում է, և այս պահին առավել քան երբևէ կարևոր է կանգնել իրենց կյանքը հայրենիքին նվիրած զինծառայողների և կամավորականների ընտանիքների, պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած և տուժած մեր հայրենակիցների կողքին: Այդ գիտակցությամբ՝ մի խումբ ընկերների համատեղ ջանքերով հիմնադրել ենք «Հայրենասեր» աջակցման հիմնադրամը, որի առաքելությունն է լինելու Արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքիներին սոցիալական, հոգեբանական, իրավական և նյութական աջակցություն ցուցաբերելը: Մենք մեր բոլոր ջանքերը նպատաուղղելու ենք հնարավորինս թիրախային և արդյունավետ ծրագրեր մշակմանը և իրականացմանը, որպեսզի փոքր-ինչ թեթևացնենք նրանց հոգսը: «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի նպատակների, աշխատանքների և շահառուների մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևելով մեր պաշտոնական էջին: Հարկ ենք համարում նշել, որ Հիմնադրամը ֆինանսավորվելու է բացառապես հոգաբարձուների խորհրդի կողմից, լինելու է անկախ, ազատ ու թափանցիկ իր բարեգործական ծրագրերի իրականացման գործում՝ զերծ մնալով որևէ արտաքին կամ ներքին ազդեցությունից: Միևնույն ժամանակ, մենք բաց ենք նաև այլ գաղափարակից կազմակերպությունների հետ համագործակցության համար:
Հայրենիքի պաշտպանները մեր ազգային պայքարի ոգին են, հայրենասիրության գաղափարակիրը և նվիրյալները: Սա հասարակության այն հատվածն է, որը պետք է մշտապես գտնվի բոլորիս ուշադրության և հոգածության ներքո: Խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության համար կռված և նահատակված հայորդիների առջև և մեր ուժերի ներածին չափով աջակցելու ենք նրանց ընտանիքներին՝ շենացնելով մեր Հայրենիքը:

«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ