ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մեկնաբանեց լուրերն այն մասին, թե իրեն պաշտոն է առաջարկվել Արցախում Արայիկ Հարությունյանի կողմից։
«Ինձ չեն առաջարկել Արցախում նախարար դառնալ, այլ ուրբաթ օրը ես այցելել եմ Արցախ, իմ աչքերով տեսել եմ՝ ինչ է կատարվում Արցախում, որոշել եմ հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և պատրաստակամություն հայտնել օգնել Արցախին՝ ինչով որ կարող եմ։ Ես ընդհատել եմ բուժումս պատերազմը սկսվելուն պես ու մնացել եմ Հայաստանում։ Մնացած ամբողջ մտքերը ֆանտազիայի ժանրից են, ինչ ասեմ»,– ասաց Թանդիլյանը։
Հիշեցնենք' 168.am-ն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար, ավելին՝ Թանդիլյանն ընդունել է ստացած առաջարկը, ու այս շաբաթ արդեն կստացվի նշանակման լուրը: