ԱԺ մանդատը վայր դրած պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է կառավարության մոտ հացադուլ անող քաղաքական գործիչներին։
«Մենք ընկերներ ենք ու ես չեմ կարող տեսնել, որ մարդիկ ծայրահեղ քայլերի են դիմում, իսկ մարդկանց կյանքն ու առողջությունն ինձ համար գերակա է։ Ես այլևս պատգամավոր չեմ, հրաժարվել եմ մանդատիցս և այստեղ եմ որպես ընկեր, որպես մտահոգ մարդ։ Կարծում եմ, որ քաղաքական պայքարի այս միջոցը սխալ է և ի հաշիվ առողջության է, հատկապես, այս օրերին, երբ բոլորս սարսափելի օրեր ենք ապրում։ Կարծում եմ՝ քաղաքական պայքարի այլ միջոց պետք է ընտրել»,- ասաց Գայանե Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է հացադուլավորների պահանջներին, ապա Աբրահամայանը նշեց, որ այդ հարցին չի ցանկանում պատասխանել, և իր գալու նպատակը զուտ ընկերներին տեսնելն է։
Նշենք, որ կառավարության դիմաց հացադուլ են անում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը և քաղաքացի Գարիկ Ավետիսյանը։