Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:
Սամվելը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր: Դեկտեմբերի 13-ին նա կդառնար 26 տարեկան:
Կուրսընկերուհին՝ Աննան, բնութագրում է նրան որպես շատ համեստ երիտասարդ, որը երբեք որևէ մեկին չէր նեղացնի: «Շատ էր ուզում լավ բժիշկ դառնալ, սակայն դեռ չէր ընտրել նեղ մասնագիտացումը», - ասում է Աննան:
Ապագա բժշկի մյուս կուրսընկերուհին՝ Լիլիթը, պատմում է. «Մենք նույնիսկ չենք իմացել, որ նա առաջնագիծ է մեկնել: Իհարկե, Սամվելի անսահման հայրենասիրությունն էր նման մղման դրդապատճառը»:
Սամվելը ԵՊԲՀ էր տեղափոխվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետից: «Բժշկությունն իրեն շատ էր հետաքրքրում: Շատ էր սիրում նաև խաղալ «Ալյանս»: Միշտ պարտվում էի իրեն, շատ լավ հայոց լեզու գիտեր, ինչի շնորհիվ էլ կարողանում էր հաղթել: Սիրում էր երգել «Երևանի սիրուն աղջիկ երգը», ասում էր. «Երևանի աղջիկների նման սիրուն աղջիկներ չկան», - թախծոտ ժպիտով հիշում է Լիլիթը:
Անմահ հերոսի մեկ այլ կուրսընկերուհին՝ Վարդուհին, նշում է. «Լավ ընկեր էր մեր Սամվելը, հասնող ու կամեցող էր: Ափսոս, երկար չտևեց մեր շփումը: Ուրիշ խումբ տեղափոխվելուց հետո էլ մեզ չէր մոռանում, սպասում էինք՝ մեր խմբի մյուս տղաները բանակից գային, որ կարողանայինք հավաքվել»:
Սամվելը, շարունակում է Վարդուհին, մեկ րոպե անգամ չէր կարողանում հանգիստ նստել: «Իրեն միշտ փոփոխություն էր պետք: Երբ ասում էինք՝ գնանք կինո, ասում էր. «Ես այդքան նույն դիրքով նստողը չեմ, ուրիշ բան մտածեք»: Սամվելն ասում էր, որ իրեն միշտ նորություններ են պետք, նոր մարդիկ: Ֆուտբոլ էր շատ սիրում. ամեն ինչ գիտեր ֆուտբոլի մասին՝ բոլոր դեմքերով ու թվերով: Առաջնագիծ մեկնելուց մի քանի օր առաջ խոսում էինք, էլի մեր խմբի հավաքվելու մասին էր խոսում, բայց, ցավոք, ոչինչ չհասցրինք: Եթե իմանայի, որ այսպես է լինելու, հենց նույն օրը բոլորին կհավաքեի», - ափսոսանքով ասում է Վարդուհին:
Սամվելի զինակից ընկերն ու եղբայրը՝ Արտաշեսը, որն, ի դեպ, նույնպես առաջին օրվանից առաջնագծում էր, պատմում է. «Սամվելը շատ բարի էր, մեծ սիրտ ուներ, բոլորին հասնող էր, անխտիր բոլորին: Ուզում էր բժիշկ դառնալ, որ բուժեր բոլոր հիվանդ հարազատներին: Դեռ չէր որոշել՝ որ ուղղությամբ էր մասնագիտանալու, բայց, ամենայն հավանականությամբ, վիրաբույժ կդառնար»:
Ընկերոջ խոսքով՝ Սամվելը 2012-2014 թվականներին ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Ջրականում, իսկ հայությանը պատուհասած վերջին գոյամարտի ժամանակ շտապել էր առաջնագիծ՝ անառիկ պահելով Քարվաճառի հայկական դիրքերը և, միաժամանակ, կիրառելով իր բժշկական հմտությունները: «Մենք Քարվաճառի ամենավտանգավոր դիրքերից մեկում էինք… Թշնամուն էինք սպասում, բայց, ցավոք, թշնամին վերևից էր գալիս… Հենց Քարվաճառում էլ մեր Սամվելը զոհվեց», - ավելացնում է Արտաշեսը:
Անմահ հերոս Սամվել Գասպարյան… Խոնարհվում ենք…