Արցախում պատերազմական գործողությունների ավարտից և կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրելուց հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները բառի բուն իմաստով մոռացության են մատնել պատերազմի հետևանքով և իրենց գրչի մեկ ստորագրության արդյունքում առանց հայրենիք և առանց սեփական տան կտուր մնացած քաղաքացիներին և վերջիններիս խնդիրները:
Արդեն մի քանի օր է` Արցախի տարբեր գյուղերից անհանգստացնող լուրեր են գալիս այն մասին, որ ադրբեջանական բանակը մուտք է գործում գյուղեր կամ հողատարածքներ, որոնք կամ ստորագրված փաստաթղթով չեն տրվում Ադրբեջանին, կամ եթե տրվում են, ապա տեղի բնակիչներին այդ մասին չի տեղեկացվում․ տեղեկացվելու դեպքում էլ՝ տարհանվելուց 1-2 օր առաջ։ Կան նաև բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա՞ն իրենց տներից, թե՞ ոչ։
Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ, փորձում իրենց կենսական շահերը առաջ մղել, հասկանալ, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետև պետությունը բացակայում է։
Համացանցում նույնիսկ տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում իրենցից մի քանի մետր այն կողմ գտնվող մեր գյուղացիներին, ովքեր իրենց գույքն են բեռնում մեքենաները։
10-ից ավել գյուղ հանձնվել է թշնամուն, մի դեպքում, երբ դրանք չէին մտնում հայտարարությամբ թշնամուն հանձնվելիք տարածքներում: Այսինքն՝ դրանց հանձնելու որոշումը ընդունվել է հայտարարության ընդունումից հետո:
Նոր Մարաղա գյուղի ոդիսականը նույնպես ուշագրավ է: Պատերազմի ավարտից հետո զինվորականները հայտարարել են, որ գյուղը հանձնվելու է, իշխանությունները ասել են՝ սպասեք: Արդյունքում վերջին պահին գյուղացիներին հայտարարել են, որ վերջիններս պարտավոր են գյուղը լքել:
Խոսվում է այն մասին, որ համաձայնագրով Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի մարզի մի քանի գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանական Ղազախի շրջանի կազմում։ Հայկական կողմը ընդամենը մեկ-երկու անհաջող փորձ է արել հերքելու այս տեղեկությունը:
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի արոտավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ` մի դեպքում, երբ դա ՀՀ սուվերեն տարածքն է:
Արցախի Բերդաշեն գյուղի նռան այգիները կմնան հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմում` դեռ պարզ չէ։ Մարտունու շրջանի այս գյուղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ հայկական կողմում է մնացել, բայց մշակովի հողերի ու այգիների ճակատագիրն անորոշ է։ Գյուղացիները սեփական ուժերով են փորձում փրկել իրենց հողն ու այգին։
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանը, ով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստրն է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժել է գյուղ, զինված մտել են իրենց տան բակ, հորը և եղբորը գերի վերցրել։
Հայտարարության ստորագրումից օրեր անց Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Բերձորը կմնա հայկական, այսօր արդեն տեղեկություն է տարածվում, որ Բերձորի բնակիչներին մինչև ամսվա վերջ ժամանակ են տվել քաղաքը լքելու համար:
Սկզբում հայտարարվում էր, որ Դադիվանքը կմնա հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն Դադիվանքի պատկանելիությունը մինչ օրս այդպես էլ չի որոշվել:
Արցախի Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, վերջնական որոշումը վաղը կկայացվի։ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։
Հասկանալի չէ, թե ինչ է լինելու Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, քանի որ այն անցնում է սահմանային գծով ր ըստ ռելիեֆի՝ գտնվում է Ադրբեջանի տարածքում: Դժվար թե այս պահին դա ինչ-որ մեկին կառավարությունում հուզի:
Ինչպես և չհուզեց այն հանգամանքը, որ ադրբեջանցիները երեկ փաստացի հասել էին Գորիս և արդյունքում Հայաստանից վերցրել Սոթքի հանքի 70 տոկոսը: Սոթք ներխուժած ադրբեջանցիները նաև ծաղրում էին հայերին և բարևում Փաշինյանին:
Տեղեկություն է տարածվել նաև, որ Սոթք գյուղի բնակիչներից պահանջել են լքել իրենց գյուղը, քանի որ այն այլևս ադրբեջանական տարածքում է:
Գեղարքունիքում գյուղացիներն են բանակցում ադրբեջանցիների հետ՝ կարևորագույն բլուրները փրկելու համար:
Այս ամենին էլ պետք է գումարել այն հանգամանքը, որ պետական և ոչ մի կառույց այս պահին չի օժանդակում անտուն մնացած քաղաքացիներին, նրանք մատնված են բախտի քմահաճույքին և առավելագույնը, ինչ տեսնում ենք, դա առանձին քաղաքացիների ցանկությունն է ինքնակազմակերպվել և օգնել այս մարդկանց: Իսկ որտե՞ղ են միլիոնավոր դրամներ ստացող պաշտոնյաները, ինչո՞ւ է երկիրը մատնված քաոսի և անիշխանության և ի վերջո՝ ո՞վ է պատասխան տալու ստեղծված իրավիճակի համար: Դեռևս միայն առկա է մեղքը մեկը մյուսի վրա բարդելու տենդենց և զրո պատրաստակամություն՝ պատասխանատվություն ստանձնելու և կոնկրետ քայլեր անելու մասով…