Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությանը ներկա էր ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, ով եղել է Հրաչ Մուրադյանի վաղեմի ընկերը: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Հրաչ Մուրադյանը ներգաղթող ընտանիքի զավակ է եղել: Նրա ընտանիքը 1960-ական թթ Սիրիայից՝ Քամըշլիից է ներգաղթել Հայաստան: Հրաչ Մուրադյանը Սարգիս Հացպանյանին պատմել է իր կենսագրությունից հատվածներ:

«Սիրիայի անապատներից եկել են Հայաստան, տուն-տեղ դրել, ծառ են տնկել, ուսում ստացել, զարգացել, հասկանո՞ւմ եք: Իսկ երբ եկել է ժամը, հայրենիքի կանչով գնացել է հայրենիքը պաշտպանելու: Նա նվիրվեց հայրենիքին անշահախնդիր, անձնուրաց: Ինչո՞ւ «ապահով» Հայաստանում խլեցին նրա կյանքը: Սերժ Սարգսյանը երեկ գիշեր արդեն ամոթից պետք է հեռանար, լքեր երկիրը: Ես այդպես կանեի, բարոյականություն ունեցող մարդն այդպես կաներ: Սերժ Սարգսյանը մեզ հետ միասին պատերազմի բոհով անցած մարդ է, հիմա չի ամաչո՞ւմ, որ իր նախագահության օրոք օրը ցերեկով սպանվում է ազատամարտիկը: Եվ հայտնի չէ՝ ինչո՞ւ այդպես եղավ: Ես չեմ կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Բառեր չեմ գտնում, ո՞նց նկարագրեմ»,- վրդովված էր Սարգիս Հացպանյանը:

Նա պատմեց նաև, որ իր հասակակից Հրաչ Մուրադյանի հետ ծանոթացրել է իր մանկության ընկերը՝ Հակոբը, 1990թ-ին՝ իրեն մի օր բերելով իր հորաքրոջ տղայի՝ Հրաչի տուն: Մի քանի տարի անց Երևանում պատահական կրկին հանդիպում է Հրաչին՝ արդեն մորուքով:

«Հարցրի՝ Հրաչ ջան, ինչի՞ ես էս վիճակում, ասեց՝ Սարգիս ջան, ֆիդայի եմ Շուշիի գումարտակում: Ես էլ ասեցի, որ Մարտակերտում եմ կռվում, ասեց՝ ինչ զուգադիպություն, մենք ռազմադաշտում էլ, փաստորեն, կողք կողքի ենք եղել: Արդեն 24 տարի է՝ ճանաչել եմ Հրաչին, իր տունը եղել է մեզ համար օջախ: Հիմա տեսեք՝ Պռոշյան սովխոզը ինչ է դարձրել, կառուցել է, ծառուղիներ հիմնել, քարքարոտ գյուղը դարձրել է բնակելի տարածք՝ արտադրությամբ, և այդ ամենի մեջ մեծ է Հրաչի դերը: Ես իրեն ավելի շատ որպես ազգի զավակ եմ ճանաչել, այլ ոչ՝ կուսակցական: Գիտեմ, որ ժողովուրդը շատ էր սիրում Հրաչին, շատ: Ես իր կորուստի հետ չեմ կարող հաշտվել, նման որակներ ունեցող մարդիկ ազգը, դժբախտաբար, քիչ է տալիս: Փոխանակ փայփայվեն մարդիկ, թիկունք կանգնեն նման մարդկանց, թիկունքից խփում են: Սա՞ է ապահով Հայաստանը: Ամո՛թ»,- եզրափակեց Սարգիս Հացպանյանը:

Մելանյա Մելքումյան