Վահե Ղարիբյան… Արցախյան անհավասար գոյամարտում հերոսաբար զոհված բժիշկ-դեղագետ…
32-ամյա Վահեն առաջնագծում փրկել է մեր վիրավոր զինվորների կյանքը: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ է:

Պատերազմի ընթացքում Վահեն Ջրականի (Ջաբրայիլ) զորամասերից մեկի դեղագետն էր: Բանակ զորակոչվել էր երկու տարի առաջ և ծառայում էր Ագարակի զորամասում: Սակայն պատերազմի սկսվելուն պես՝ արդեն սեպտեմբերի 28-ին, շտապել էր առաջնագիծ՝ փոխարինելու Ջրականի բժիշկ գործընկերներին:
Վահեի ընկերը՝ Նարեկ Ռեհանյանը, չի կարողանում համակերպվել ընկերոջ կորստի հետ. ասում է, որ Վահեի բացը երբեք ու ոչ ոք չի լրացնի: «Իմ ընկեր Վահեն հերոս է: Վախ չուներ. ասում էր. «Վախս Աստված է, ինչի՞ց վախենամ»: Կյանքի մարդ էր, ասող-խոսող, անկեղծ: Երկուսս էլ բժիշկ-դեղագետ ենք: Մենք միշտ միասին էինք: Մեր ընկերությանը շատերն էին նախանձում. իհարկե, երբեմն վիճում էինք, բայց շատ շուտ՝ հաշտվում», - հիշում է Նարեկը:
Վահեն զոհվել է արկի հարվածից հոկտեմբերի 5-ին, երբ անձնազոհաբար նետվել էր՝ փրկելու 18-ամյա վիրավոր զինվորի կյանքը: «Հրամանատարի հետ եմ խոսել, Վահեի հետ աշխատող բուժքույրը նույնպես պատմել է, որ 2 օր շարունակ վիրավորներ են տեղափոխել դիրքերից: Հրամանատարը զգուշացնում էր վտանգի մասին, բայց Վահեն չէր լսում ու նորից շտապում էր առաջնագիծ՝ վիրավորներին օգնելու: Երբեմն նույնիսկ չեզոք գոտիներում էր հայտնվում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Մի տղա կար, որի տեսողությունն էր վնասվել, ինձ ասում էր, որ ապրում է Վահեի շնորհիվ: Իսկ վերջին անգամ ընկերս, լսելով 18 տարեկան զինվորի օգնության ձայնը և մոռանալով ամեն ինչի մասին, գնաց՝ փրկելու ևս մեկ կյանք», - հպարտությամբ պատմում է Նարեկը: Փրկեց շատերի կյանքը, սակայն իրենը փրկել չհաջողվեց. Վահեն անմահացավ… Վիրավոր զինվորը, հանուն որի նա կյանքը զոհեց, այդ պահին փրկվեց, բայց մեկ շաբաթ անց նա էլ անմահացավ հոսպիտալում:

Վահեի խաչով թևկապը Նարեկը միշտ իր մոտ է պահում՝ որպես անմար հուշ հերոս ընկերոջ մասին:
Շատ աշխատասեր էր Վահեն, շարունակում է ընկերը, սեփական դեղատնային ցանցն ուներ, զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ, մեծ այգիներ ուներ հայրենի Կարբի գյուղում: «Կյանքի կարևոր երազանքն արդեն իրականացել էր. մեծ սիրո վրա հիմնված ընտանիք ունի՝ հիասքանչ կին, որը նույնպես դեղագետ է, և հրաշք տղա՝ 1,8 ամսական Լևոնը: 2 ամիս էր մնացել զորացրվելուն, դեկտեմբերի 28-ին Վահեն պիտի զորացրվեր», - ասում է Նարեկը: Զորացրվելուց հետո ընկերոջն էր խոստացել օգնել դեղատնային ցանց բացելու գործում: «Բոլոր կարևոր որոշումներից առաջ միշտ Վահեի հետ եմ խոսել, իր խորհրդին եմ հետևել, որովհետև միշտ ճիշտ խորհուրդներ էր տալիս», - ավելացնում է Նարեկը:

Վահեի կինը՝ Հելեն Սայադյանը, ասում է, որ նրա մասին անվերջ կարելի է խոսել, թե՛ որպես սիրող ամուսին, թե՛ որպես հոգատար հայր: «Միաժամանակ, հպարտ եմ, որ նա, իր կյանքը գիտակցաբար նվիրելով հայրենիքին, օրինակ դարձավ շատերի համար: «Մահ իմացյալ անմահություն է». այս տողերն ինձ համար այժմ, ավելի քան երբևէ, հասկանալի և առարկայական են: Ցանկանում եմ որդուս մեջ սերմանել այն բարձր և վեհ արժեքները, որոնք կրում էր իր մեջ հայրը՝ Վահեն», - ասում է հերոսի կինը:

Բարձր արժեքների տեր մարդ լինելով՝ Վահեն պարծանք էր բոլոր ընկերների ու հարազատների համար. վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:
Անմահ հերոս Վահե Ղարիբյան… Խոնարհվում ենք…