Նիկոլ Փաշինյանը և իր թիմը վերջին օրերին լայնորեն մի թեզ են շրջանառում, որի համաձայն` իշխանությունների հրաժարականի հանրային պահանջ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումը չի առաջացրել և այսօր ընթացող քաղաքական պրոցեսները չեն վայելում հանրության լայն հատվածի աջակցությունը: Ինքը` Փաշինյանը, և իր թիմակիցները չեն զլանում ամեն անգամ կրկնել, որ կհեռանան, երբ դա պահանջի ժողովուրդըԻ դեպ, հեղափոխության օրերին էլ էր Փաշինյանը հայտարարում, որ եթե ժողովուրդը չցանկանա իրեն այլևս տեսնել վարչապետի պաշտոնում` ինքը մեկ օր ավել այդ պաշտոնում չի մնալու: Մինչդեռ իրականությունը այն է, որ այսօր Փաշինյանը անում է ամեն ինչ՝ մեկ օր ավել այդ պաշտոնում մնալու համար: Հրաժարականի հանրային լայն պահանջ լլինելու թեզի մանիպուլյատիվ բնույթը անչափ հեշտ է պարզել` թվարկելով այն բոլոր կառույցների, քաղաքական-հասարակական գործիչների անունները, ովքեր այս օրերին հստակորեն դրել են վարչապետի և իր թիմի հեռանալու պահանջը: 

Դիցուք՝ կապիտուլյացիոն խայտառակ ակտը ստորագրելու նույն օրը Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել 17 քաղաքական ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն: ԼՀԿ-ն թեև չի միացել 17-ի ֆորմատին, սակայն նույնպես հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 

Նոյեմբերի 10-ից սկսած Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի 20-ից ավել կառույցներ: 

Նոյեմբերի 13-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես է եկել «Միասնություն» համազգային շարժումը՝ շարժման ղեկավար Արման Վարդանյանի գլխավորությամբ: Վարդանյանի կողմից նաև առաջ է քաշվել 10 կետ, որոնք պետք է անհապաղ իրականացնել ՀՀ և Արցախի անվտանգության պահպանման համար:

Նոյեմբերի 14-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով է հանդես եկել «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, ով օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին հայտարարեց նախկինում քաղքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում հաջողություններ գրանցած անձանցից քաղաքական նոր թիմ ձևավորելու մասին: 

Նոյեմբերի 16-ին Փաշինյանի հրաժարականն է պահանջել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը 

Նոյեմբերի 17-ին վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջող ուղերձով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նշենք նաև, որ կառավարության պահանջով են հանդես եկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները: 

Նոմբերի 20-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը: 

Նոյեմբերի 25-ին Գիտությունների ազգային ակադեմիան ևս պահանջել է Փաշինյանի հրաժարականը 

Նույն օրը Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով է հանդես եկել Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի: 

Նոյեմբերի 26-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով է հանդես եկել Համաշխարհային հայկական կոնգրեսը: 

Դեկտեմբերի 4-ին Փաշինյանի հրաժարականի պահանջող հայտարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը : 

Նույն օրը կառավարության հրաժարականն է պահանջել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը: 

Դեկտեմբերի 4-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականն են պահանջել նաև թվով 10 արտակարգ և լիազոր դեսպաններ

Դեկտեմբերի 6-ին Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Դեկտեմբերի 7-ին կառավարության հրաժարականի պահանջ դրեցին ավելի քան 500 փաստաբաններ: 

Նույն օրը Փաշինյանի հրաժարականն է պահանջել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը:


Դեկտեմբերի 8-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: 

Բառացիորեն, երեկ Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ 

Տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիք, Արարատ, ավելի քան 21 համայնքներ և 232 բնակավայրեր։ 

Նոյեմբերի 9-ից սկսած Փաշինյանի հրաժարականն են պահանջել մշակութային գործիչները, մտավորականները՝ երգիչ Արսեն Գրիգորյան՝ Մրո, դերասան Միքայել Պողոսյան, դերասանուհի Լալա Մնացականյան, դերասան Հրանտ Թոխատյան, դերասանուհի Լուիզա Ղամբարյան, դերասանուհի Լուիզա Ներսիսյան,ռեժիսոր Մհեր Մկրտչյան, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան, երգիչ Արամո,երգչուհի Էմմա Պետրոսյան, դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյան, պրոդյյուսեր Արմեն Գրիգորյան, օպերային երկչուհի Աննա Մայիլյան , թատերագիր Վահրամ Սահակյան, դերասան Գևորգ Գրիգորյան, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյան, ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյան: 

Եթե վերը նշված ազդեցիկ ցանկը հանրային պահանջ չէ, ապա հետաքրքիր է իմանալ՝ ո՞րն է այդ դեպքում Փաշինյանի համար հանրային պահանջը և ինչ է նա հասկանում` ասելով ժողովուրդ: Հետաքրքիր է նաև, թե էլ ով պետք է պահանջի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը, որպեսզի վերջիններս գիտակցեն, որ իրենց իշխանության ղեկին օր ավել մնալը ժողովրդի համար կտրկանապես անընդունելի է: Իշխանությունները այսօր հղում են անում ցույցերի սակավաթիվ լինելուն և այդպիսով հիմնավորում են հրաժարականի հանրային պահանջ չլինելու թեզը: Մինչդեռ հասկանալի է, որ բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն գալիս փողոց` ելնելով նույն ռազմական դրությունից, կորոնավիրուսի համավարակից, որի դեմ պայքարը այս իշխանությունները նույնպես տապալեցին և, իհարկե, եղանակային պայմաններից: Այս ամենը քաջ գիտակցում են նաև իշխանությունները: Մի բան ակնհայտ է, եթե Նոր Հայաստանում եղել է որևէ աննախադեպ բան, ապա դա Փաշինյանի և իր թիմի հեռանալու շուրջ հանրային կոնսենսուսի աստիճանն է…