«Ես մինչև հիմա չեմ հասկացել, թե իրականում ինչ է եղել, որովհետև սրա հետևանքները այնքան սարսափելի են, որ դժվար է պատկերացնել: Այս ամոթալի և խայտառակ պարտությունը դառնություն է առաջացնում ինձ մոտ նաև այն պատճառով, որ ես գիտեմ՝ այն կարելի էր կանխել»,- այս մասին ասաց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը՝ Վազգեն Մանուկյանը, այսօր տեղի ունեցած մտավորականների և մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ճիշտ քաղաքականության դեպքում այդ պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ շատ ավելի ուշ. «Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե 2.5 տարի մենք շարունակեինք զբաղվել մի քիչ բանակով, ապա պարտություն չէինք ունենա»,- նշեց նա:

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքնված համաձայնագիրը, Վազգեն Մանուկյանի կարծիքով, ունեցավ միայն մեկ դրական նշանակություն՝ կանգնեցրեց անմեղ երիտասարդ երեխաների կորուստը. «Կարծում եմ՝ այդ համաձայնագիրը չէր համապատասխանում մեր ռազմական վիճակին, որը կար: Ես չեմ հասկանում, եթե հայտարարված է՝ պատերազմը գնում է Արցախի և Ադրբեջանի միջև, ապա պայմանագրում ինչու պետք է լինեն հարցեր՝ կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ» ,- ասաց Վազգեն Մանուկյանը: