Եթե նույնիսկ այս պարտությունից հետո ինքը դուրս չի գալիս, դուք պատկերացնո՞ւմ եք՝ արտահերթ ընտրությունները ինչ են լինելու. աննախադեպ ջարդ եւ աննախադեպ կեղծիքներ են լինելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանը 2018-ին կարող էր հանգիստ ընտրվել եւ ընտրվել է, բայց հիմա ինքը գիտի, որ չի ընտրվելու: Ինքը բոլոր միջոցներին դիմում է, որ մնա իշխանության: Ուրեմն դուք մտածում եք, որ մարդիկ գնան թուղթ գցեն արկղի մեջ ու ինքը թողնի գնա՞: Դա բացառվում է: Ես դրանում համոզված եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները հարց են բարձրացնում, թե ընդդիմությունն ինչո՞ւ չի պահանջում արտահերթ ընտրություններ, Վազգեն Մանուկյանն ասաց. «Որովհետեւ ընդդիմությունը գիտի, որ այդ արտահերթ ընտրությունները կեղծիք է լինելու: Այստեղ ընտրությունների հարց չի. ինքը մեր երկիրը կործանել է: Երկիր կործանողը կամ ինքնասպանություն է գործում, կամ դուրս է գալիս»: