Իշխանությունն ի պահ է հանձնվել ինձ, և դրա ճակատագրի համար ես պատասխանատու եմ ժողովրդի առաջ: Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը»,- ասել է նա:
Վարչապետը նշել է՝ եթե անգամ ժողովրդի ձայնը կեղծվի, ժողովուրդը գիտի՝ ինչ անել:
«Մենք աշխատանքային մակարդակում այս պրոցեսը կոչում ենք «էլիտար բունտ», որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է: Կան մարդիկ, ովքեր պահանջում են իմ հրաժարականը, բայց կան նաև մարդիկ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ»,- նշել է նա:
Փաշինյանը հարց է ուղղել՝ ի՞նչ է լինելու անցումային շրջանում, այդ շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է լինելու:
«Ի վերջո, ինքս սպատասխանատո՞ւ եմ հետագա իրադարձությունների համար, իհարկե, պատասխանատու եմ: Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանում կայունացնելու վրա և մտածենք հետագա անելիքների մասին»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի նկատում մեղադրանքների խորը հակասությունը:
«Հարցն այն չէ՝ վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ով է որոշում՝ ով է ՀՀ-ում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»,- նշել է նա:
Վարչապետը նաև հորդորել է չշփոթել պատասխանատուներին և մեղավորներին: Նա նշել է՝ իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը: