Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործումը: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին: Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ին Ղարաբաղի հարցով համաձայնագրի բոլոր կետերի կատարման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի վերաբերյալ: «Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ», - հայտնում են մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կատարումը: Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահները կատարում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար և նշել, որ հակամարտության սրումը մեծացրել է Անդրկովկասում ահաբեկչության տարածման ռիսկերը: